News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Տիկին Ալիսան մեկ տարի է՝ հաշմանդամություն ունեցող որդու հետ ապրում է Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մի սենյակում,  որը 4 օրից պետք է ազատեն։  Պատերազմի առաջին օրը Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի բնակիչներին 20 րոպե ժամանակ են տվել տարհանվելու համար։ Տիկին Ալիսան հասցրել է միայն փաստաթղթերը վերցնել ու դուրս գալ։ 

«Ես էնքան եմ փոշմանել, որ գյուղից դուրս եմ եկել, ավելի լավ է մնայինք էնտեղ, թուրքերը մեզ սպանեին, գոնե կիմանայինք մեռած ենք, ոչ թե էսպես դանդաղ մահ են տալիս»,– արտասվելով ասում է տիկին Ալիսան, ում մյուս որդին ծառայության մեջ է եւ անհանգստանում է, թե ընտանիքն ուր է գնալու։

«Էդ երեխեն հիմա դիրքերում է, անհանգիստ է, մտածում է, թե որտեղ ենք ապրելու։ Էդ վիճակով ո՞նց կարող է ինքը դիրք պահել, հասկանում ե՞ք՝ ինչ անելանելի վիճակում ենք մենք։ Ես չեմ պնդում, որ մենք հենց այս շենքում ապրենք, մեզ համար կարեւորն էն է, որ մնալու տեղ ունենանք»,- նշում է Ալիսա Հովսեփյանը։

Կենտրոնի տնօրինությունը պարբերաբար պահանջել է լքել  շենքը. ոմանք հեռացել են, բայց 24 ընտանիք դեռ այստեղ է բնակվում։ Ամենից շատ արցախցիներին վիրավորել է  Կոտայքի ՏՄԱԿ տնօրենի՝ Տաթեւիկ Շիրինյանի պահվածքը։

«Մեկ պատճառաբանում էր, որ փնթի ենք, խոզ ենք, էս ենք, էն ենք, բայց անընդհատ չի կարելի մարդկանց վարկաբեկել։ Ես 25 տարի Այգեկում եմ ապրել, առաջնագծից չէր տարբերվում, երեխես մինչեւ հիմա, որ դխկոց է լսում, պետք է տեսնեք նրա վիճակը։ Հիմա դուրս են հանում, ես ո՞ւր գնամ»,- արտասվելով հարցնում է 60-ամյա կինը։ 

Նախ ստիպեցին տարիների ստեղծածը թողնել թշնամուն, հիմա էլ այս 4 պատից են զրկում, ասում են արցախցիները ու նշում՝ գնալու տեղ չունեն։

«Տները սկսում են 100-120 000 դրամից, բացի էդ նախօրոք երկու ամսվա գումար են ուզում։ Եթե ես ստանում եմ 47 000 դրամ՝ որպես նպաստ ու ծնողազուրկ երեխայի թոշակ, ես էդ գումարը  որտեղի՞ց տամ, կամ եթե պետությունը 68 000 դրամ է տալիս, մենք ի՞նչ ենք ուտելու, միայն օդ ենք շնչելո՞ւ»,- ասում է տիկին Ալիսան։

Մի քանի դուռ այն կողմ 67-ամյա տիկին Անահիտն է ապրում։ Միայնակ ապրող կինը սրտի ու թոքերի խնդիր ունի, մոտ 10 օր է՝ միացված է շնչառական ապարատին։ Խողովակներով շնչող այս կնոջը հարեւաններն են խնամում։

«Չգիտեմ՝ ինչ պիտի անեմ, երեւի պիտի գնամ հայաթը, էլի։ Ոչ մի տեղ չունեմ գնալու, համ էլ չեմ կարողանում գնալ, ին՞չ է՝ փաթաթվեմ բնակիչների վզին, խնդրեմ՝ ինձ էլ տանե՞ն, նրանք էլ չեն կարողանում, մի կերպ են ապրում։ Բարեկամներից ո՞ր մեկի տունը գնաս, ասեն՝ հա, արի մեր տունը մնա, աչքներիս վրա տեղ ունես, չեն ասի ոչ մեկ էլ»,- ասում է պատերազմի առաջին օրերին Բերձորից տարհանված Անահիտ Եգորյանը։

3-ամյա Մաքսը ծնողների հետ նույնպես մոտ 11 ամիս ապրում է այսշենքում։ Մայրը՝ Ինեսսան, ասում է՝ ձմռանն ընդառաջ ինչպե՞ս կարելի է 5-օրյա ժամկետ տալ տնից դուրս գալու համար։

«Չի կարելի գալ ու 5-օրյա ժամկետ տալ այն պարագայում, երբ ամուսինս պատերազմում վնասվածքներ է ստացել ու չի կարողանում ընտանիքի հոգսը հոգալ, ու էդ ամեն ինչը իմ վրա է մնացել»,- ասում է  Ինեսսա Հովհաննիսյանը։

Ընտանիքի հայրը՝ Վանոն, Հայաստան տեղափոխվելուց հետո որոշ ժամանակ աշխատել է, բայց հիմա վարիկոզ հիվանդությունը խորացել է, եւ չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել։ Ինեսսան ստիպված է ամուսնու եւ հարեւանուհիների խնամքին թողնել 3-ամյա Մաքսին եւ 5 ամսական Մարկին ու տարբեր աշխատանքներ կատարել։

Կենտրոնի տնօրենը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ ընդգծելով, որ խնդիրը Աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարարության տիրույթում է։ Նախարարությունից էլ պարզաբանում են՝ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում աշակերտների թիվը ավելացել է, հետեւաբար, շենքը պետք է ազատվի, որ երեխաները հաճախեն դպրոց։ Այժմ արցախցիների կեցության հարցը կարգավորելու համար հյուրընկալության ծրագիր չի գործում, փոխարենը նախարարությունը քառամսյա ծրագիր է սկսել, որով սեպտեմբերից դեկտեմբեր ամիսները արցախցիները առձեռն կստանան 50 000 դրամ։

«Բոլոր այն արցախցիները, որոնք նախկինում մեր շահառուներն են եղել, իրենք կարող են դիմել ու ստանալ այդ գումարը։ Եթե կարիք կլինի, որ պետք է տուն վարձակալեն, ապա կկարողանա այդ գումարը կեցության ծախսերը հոգալու համար տնօրինել»,- նշում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը։

«50 000 դրամով Հայաստանում որեւէ մեկը կարո՞ղ է մի հատ հավաբուն գտնել ու իր ընտանիքին տեղավորել, բնականաբար, ոչ»,- հակադարձում է երկու մանկահասակ երեխաների հայրը՝ Վանո Գրիգորյանը։

Ծրագրի համար արցախցիները դեռ չեն կարող դիմումներ գրել՝ պետք է սպասեն, մինչեւ նախարարությունը ժամկետներ հայտնի։ Ենթադրվում է՝ հոկտեմբերի վերջից շուտ այդ գումարը չեն ստանա, իսկ տնօրենը պահանջում է դուրս գալ հինգ օրից։

«Բոլոր նրանք, որոնք այս պահին կեցության վայրի խնդիր ունեն, մենք ուղղորդում ենք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Փորձելու ենք առաջարկի ու պահանջարկի համադրում անել, որովհետեւ կան բարերարներ, կազմակերպություններ, որոնք հնարավորություն ունեն հյուրընկալելու։ Այդ կերպ կփորձենք նրանց խնդիրների համար լուծում գտնել»,- ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսնակը։

Կա նաեւ տարբերակ՝ դիմելու Միասնական սոցիալական ծառայությանը եւ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ին, եւ չորս ամիս 68 000-ական դրամ ստանալ տուն վարձակալելու համար, սակայն սա էլ ոչ բոլոր արցախցիներին է հասանելի, նախ կարիքների գնահատում պետք է արվի։

Տպել
Ամենաշատ