News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 17-րդ՝ հոկտեմբերի 13

Կեսգիշերից մինչեւ լուսաբաց Արցախյան ճակատում զարգացումների մասին պաշտոնական հաղորդագրություններ չեղան, միայն առավոտյան ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ:

«Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ:Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում:ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը», գրել էր ՊՆ խոսնակը։

Քիչ անց Շուշան Ստեփանյանը հերքեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը։

«Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»,-նշել էր նա։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրեց, որ առավոտից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների։

Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակեց անցած օրվա ընթացքում հակառակորդի կրած կորուստների տվյալները։

Խոցվել է ևս 5 ԱԹՍ, 7 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 220 զոհ:

Այդպիսով՝ պաշտոնական տվյալով՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։

Արցախի ՊԲ–ն հրապարակել է եւս 17 զոհված զինծառայողների անուններ։

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից հայտնեցին, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Հանդիպումն ընթանում է ՌԴ արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տանը»,- ասել էրաղբյուրը:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցները պիտի իմանան, որ իրենց որդիներն ու թոռները իրենց գործը ոչ թե փառքով շարունակում են, այլ բազմապատիկ գերազանցում։

Վերջին 3 օրերին կտրուկ պասիվացած Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրեց, որ գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում.

«Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը, խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։Զոհեր ու վիրավորներ չկան»։

Քիչ անց Վահրամ Պողոսյանը գրեց, որ միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։ Նա նաեւ լուսանկարներ է հրապարակել։

Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց, որ զոհվածների ցուցակում են հայտնվել ՊԲ 10 զինծառայողների անուններ, որոնք պարզվել է՝ ողջ են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նորից գրեց, որ հակառակորդը հրետանային զինատեսակներից գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը։

«Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ:Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար», ավելացրել էր նա։

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց

«Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Գագիկ Ծառուկյանին, որից հետո բարձրաձայնված անօրինականությունների կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի օրենքով դատախազությանը վերապահված իրավասության շրջանակում քննարկման առարկա դարձվեն գրության մեջ ներկայացված բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը։ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չի ստացվել»։

Հիշեցնենք, որ Գ/Ծառուկյանը կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին։

Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց թշնամու կենդանի ուժի կորուստների մասին։

ՌԴ պաշտպանության նախարարությունում լրագրողներին հաղորդել են, որ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայունացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը:

«Մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս խնդրի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ:Այս աշխատանքի հիմնական նպատակն է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը Լեռնային Ղարաբաղում եւ հակամարտության կողմերի` բանակցություններին անցումը` տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար»,- շեշտել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրեց, որ   ստորագրել է «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին այսօր Խորհրդարանի միաձայն ընդունած օրենքի նախագիծը, որն ինքն էր ներկայացրել Արցախի ԱԺ:

«Այն կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը:Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից եւ նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում են ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ:

Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին եւս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու եւ ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու եւ մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարեւոր է:Մենք հաղթելու ենք եւ գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում եւ հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան:

Ի գործ»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողներից հայտարարեց, որ Ադրբեջանի փոխարեն բոլոր որոշումները կայացնում է  Թուրքիան, որը թույլ չի տալիս Բաքվին հրադադար հաստատել․

«Երկրորդ պատճառն էլ կա. նույնիսկ կարճատեւ հրադադարից հետո Ադրբեջանի հասարակությունը տարբեր աղբյուրներից հնարավորություն է ստանալու տեղեկատվություն ստանալ իրենց կորուստների իրական թվի մասին, ինչը ներքաղաքական լրջագույն պրոբլեմներ է ստեղծելու Ադրբեջանի ղեկավարության համար։

Գիտեք, որ հարձակվող  կողմը անգամներով ավելի շատ կորուստներ է կրում եւ կրել նման կորուստներ ոչնչի դիմաց, կամ  դիրքի, անգամ  գյուղի դիմաց, դա այս պահի դրությամբ տոտալ պարտություն է։ Դրա համար իրենք փորձում են հնարավորինս բարելավել իրենց դիրքերը, որպեսզի երբ բացահայտվի իրենց կորուստների քանակը, գոնե  իրենց հասարակությանը ներկայացնելու բան ունենան»,-ասաց նա։

(Հիշեցնենք, որ այս հարցազրույցից դեռ 4 օր առաջ՝ հոկտեմբերի 9-ին,  թշնամին արդեն զավթել էր Հադրութը, մինչեւ այդ էլ՝ Ջրականը՝ NEWS.am

«Մեր կողմից Արցախի անկախության ճանաչումը միջազգային տեսանկյունից շատ բան չի փոխում, մեզ պետք է, որ այլ երկրներ ճանաչեն գոնե այնքան, որքան մենք ենք ճանաչում։ Հիմա Արցախի գոյամարտի ճանաչման գործընթաց է գնում, այդ պրոցեսը աննկատ սկսվել է արդեն», ասաց Արման Եղոյանը։

Առանց մեկնաբանության։

«Ինչպես գիտեք, Վրաստանն արգելել է  իր օդային տարածքներով ռազմական ինքնաթիռների թռիչքը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ եթե նման զինատեսակներ տեղափոխվում են, ապա տեղափոխվում են ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության բեռնատար ինքնաթիռներով, ու այստեղ մեր վրացի գործընկերներն ասում են, որ իրենք չեն կարող օդում ստուգել, թե դրա մեջ ինչ է»։

Առանց մեկնաբանության։

Արման Եղոյանի համոզմամբ՝ պարտվելու մասին խոսք լինել չի կարող։

«Երբ ասում եմ, որ մարտահրավեր է նետված Հայաստանի գոյությանը, դա ժամանակակից աշխարհում ոչ թե բռնում են և քարտեզի վրայից ջնջում են պետությունը, այլ այդ պետությանն այնքան են թուլացնում, որ այն կորցնում է իր սուվերենությունը, ինչը մենք չենք կարող թույլ տալ և թույլ չենք տալու»,- ընդգծեց  Արման Եղոյանը։

Իշխող ուժի պատգամավորը զգուշացնում է, որ եթե այս պատերազմը շարունակվի, ապա այն չի սահմանափակվելու միայն  այս տարածաշրջանում, այլ տարածվելու է ամբողջ Եվրոպայում։

Առանց մեկնաբանության։

ՌԴ ՊՆ-ն մտահոգված է Մերձավոր Արեւելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվությամբ:Գերատեսչությունում հավելել են, որ այդ մտահոգությունը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից երկուշաբթի հեռախոսազրույցների ընթացքում հասցվել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին:

Արցախի պաշտպանության բանակը ռեպորտաժ է պատրաստել հյուսիսային սահմանագոտուց, որտեղ հակառակորդը հատուկ ջոկատայինների միջոցով փորձել է ներթափանցել առաջնագիծ եւ գրավել դիրքը․

«Սակայն մեր տղաների խիզախ գործողությունների արդյունքում հատուկ ջոկատայինները ջախջախվել եւ կրելով բազմաթիվ կորուստներ՝ հետ են շպրտվել։ Այս պահին նույնպես տրամադրությունը շատ բարձր է, տղաները շարունակում են մարտական առաջադրանքն իրականացնել բարձր մակարդակով, զգոն ու պատրաստ՝ մինչեւ  վերջ գնալուն», նշվում էր ռեպորտաժում։

Դիրքապահներից մեկը ցույց է տվելոչնչացված թշնամիների դիերը.

«Սրանցից մեկն իրենց հրամանատարն է, պաշտոնով էլ փոխգնդապետ է, 13-ն էլ մեզանից մոտ 50 մետր հեռու են։ Առավոտյան մոտ 2 ժամ հրետակոծել են, հետո 60 հոգով հարձակվել են, մի 30 հոգին հարձակվել են դեպի դիտակետ, չեն կարողացել առաջ շարժվել ու արդեն մարտը սկսվել է. ոչնչացվել են»։

Զինվորներից մեկն էլ նշել է, որ մարտը կազմակերպել են բարձր մակարդակով եւ այդ պատճառով էլ ունեն միայն մեկ վիրավոր։

«Տղերքը հերոսներ են ու կռվում են։ Մենք մեր հողերն ենք պաշտպանում։ Որը գալիս է, պատասխանը ստանում է։ Չենք թողելու որ թշնամին առաջ գա, հլը մենք ենք պատրաստվում առաջ գնալ։ Կոչ ենք անում բոլոր տղաներին՝ միանալ մեզ, որպեսզի կարողանանք մեր երկիրը պահելը, որ իմանան մեր ազգի ուժը որն է»,- ասում էին զինվորները։

Արցախի պաշտպանության բանակը հայտարարություն տարածեց, որտեղ նշում էր, որ իր պատերազմական հանցագործությունները կոծկելու կամ արդարացնելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ նոր հարձակումներ իրականացնելու համար հող նապախատրաստելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմում է ապատեղեկատվության քարոզի՝ մտացածին գործողությունների մեջ մեղադրելով ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև Հայաստանի իշխանություններին:

«Արցախցին իր ողջ ներուժով վճռական է պաշտպանելու իր հայրենիքի և իր ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ իրականացված ռազմական հանցագործությունների և մեր տարածաշրջանը միջազգային ահաբեկչության օջախ վերածելու քաղաքականության համար», նշվում էր հայտարարությունում։

Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն ավարտվել է հայտարարության ընդունմամբ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Արցախյան ճակատում ռազմական գործողությունների սկզբից ի վեր երկրորդ անգամ է անդրադարձել պատերազմին՝  Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ  անելով կատարել կրակի դադարեցման պարտավորություններըեւ դադարեցնել հարձակումները քաղաքացիական շրջանների, մասնավորապես՝ Գյանջայի եւ Ստեփանակերտի վրա:

«Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար եւ հակված ենք խաղաղ կարգավորմանը»,-գրել է նա Twitter-ի իր էջում: 

Լոս Անջելեսում  անցկացված «Արցախը հարձակման տակ է. խաղաղության երթ» կարգախոսով քայլերթին մասնակցել է 150 հազարից ավելի ցուցարար։ Երթն ընթացել է բոլոր գլխավոր պողոտաներով՝ հասնելով մինչեւ Թուրքիայի հյուպատոսարան։

Հարյուր հազարավոր հայեր քայլերթի ժամանակ պահանջել են անմիջապես ճնշում գործադրել Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա, որպեսզի խաղաղություն տիրի եւ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի Արցախը ճանաչվիանկախ։

«Մյուս նպատակն ուղղված էր սահմանին կռվող մեր տղաներին, մեր քաջ բանակին, եւ, ինչու ոչ, մեր հայրենի ժողովրդին՝ ասելու, որ այսօր սփյուռքը հայության երկրորդ բանակն է, խրամատների մեջ է իրենց հետ՝ ուս-ուսի, եվ մենք մեզ բաժին ընկած չափով պատրաստ ենք անել ամեն ինչ՝ նվիրահավաքներից մինչեւ այսպիսի քայլարշավներ, բողոքի երթեր», - ասել է ցույցի կազմկարեպիչներից  Վիգեն Հովսեփյանը։

Իտալիայի հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել Հռոմում՝ Ադրբեջանի ագրեսիայի դեմ։

Հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ-ից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Սթեֆան Վիսկոնտի եւ ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆեր) հայտարարությունը

«Համանախագահները տագնապով նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ շարունակվող բռնության մասին։ Համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության համաձայն ստանձնած պարտավորությունների լիակատար կատարման ուղղությամբ՝ տարածաշրջանի համար աղետալի հետեւանքների կանխման նպատակով։

Համանախագահները կրկնում են, որ ցանկացած իրադրության պայմաններում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անթույլատրելի են։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ ապահովել մարդասիրական հրադադարը, որ թույլ տան աճյունների, ռազմագերիների եւ ձերբակալվածների վերադարձը, եւ կողմերին կոչ են անում շտապ կարգով համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահները կողմերի հետ աշխատում են Լեռնային Ղարաբաղում քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ՝ բանակցությունների ճանապարհով լուծմանը հասնելու նպատակով»։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ 

«Հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված ՌԴ նախաձեռնությունների իրականացման շրջանակում: Կողմերը հաստատել են հակվածությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման հետագա ջանքերին»,-ասվել է ՌԴ ԱԽ-ի հաղորդագրության մեջ:  

Պատերազմի առաջին օրերից թիկունքը սկսեց ինքնակազմակերպվել, փորձել ամեն կերպ օգտակար լինել առաջնագծում կռվող զինծառայողներին։ Մասնավորապես, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում արդեն 13 օր է՝ չեն դադարում կամավորական աշխատանքները։ Կամավորներն այստեղ հավաքում են սննդամթերք, հագուստ, դեղորայք, կարում են անձրևանոցներ, քողարկիչ ցանցեր, ներքնակներ զինվորական հոսպիտալների համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ, տեղեկացրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի եւ Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման եւ ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա:Նիդերլանդների վարչապետը կարեւորել է կողմերի միջեւ հրադադարի պահպանումը եւ խաղաղ գործընթացի վերսկսումը:

Reuters-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ   միայն Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը կարող է դրդել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները:

«Փաշինյանը Թուրքիային մեղադրեց հրադադարի ռեժիմը վիժեցնելու և իր ծավալապաշտական նկրտումերին համահունչ Հարավային Կովկաս թափանցելու փորձ կատարելու մեջ», գրել էր Reuters-ը:

«Համոզված եմ, որ քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները», - ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ մինչև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը Թուրքիան արդեն հայտարարել էր, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Իսկ համաձայնագրի ընդունումից հետո տեղի ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի զանգը Ադրբեջան, որն, ըստ էության, հրահանգ էր՝ ոչ մի դեպքում չհամարձակվել դադարեցնել ռազմական գործողությունները:

«Հարավային Կովկասում հայերը վերջին խոչընդոտն են՝ այդ էքսպանսիոնիստական քաղաքականությունը վարելու ճանապարհին: Եվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն տարածեց միջազգային հանրության անտարբերության մասին, վկայակոչելովBBC-ի ռեպորտաժը․

«Հազարավոր մարդկանց տառապանքներ, խաղաղ բնակչության թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածություններ...եւ մարդու իրավունքների աշխարհը լուռ է։ Ահա թե ինչու է կարեւոր լրագրողների աշխատանքը»։

Հիշեցնենք, որ պատերազմի առաջին օրերին Արցախում վիրավորվել են ֆրանսիացի, ռուսաստանցի եւ հայ լրագրողներ։ Հակառակորդը դիտավորյալ թիրախավորել է նրանց, խաղաղ բնակավայրերի ռմբակոծության եւ այլ պատերազմական հանցագործությունների լուսաբանմանը խոչընդոտելու համար։

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) եւ բազմաթիվ լրատվամիջոցներ հանդես են եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթում առկա, ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտող նոր սահմանափակումները:

Հիշեցնենք, որ սահմանվել են հսկայական տուգանքներ, որոնք ԶԼՄ-ների համար կարող են խնդրահարույց լինել մի շարք, այդ թվում՝ համաչափության սկզբունքի տեսանկյունից։

Հայտարարության հրապարակումից ժամեր անց 168.am-ի խմբագրություն են այցելել  ոստիկանության աշխատակիցներ՝ պահանջելով հեռացնել հրապարակումը:  Ըստ 168․am-ի՝ եկել էին առանց գրավոր ծանուցման, պահանջում էին նաեւ ներկայանալ ոստիկանություն: Երբ պահանջվել է գրավոր ծանուցում՝ ոստիկանները հեռացել են եւ վերադարձել ծանուցումով։ 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրեց, որ առաջիկա ժամերի եւ օրերի ընթացքում ՊԲ-ն կհամալրվի պատերազմի եւ զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, նրա համոզմամբ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը։

«Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն եւ շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, եւ կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի:

Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը»,- գրել էրԱրցախի նախագահը։

Արծրուն Հովհաննիսյանը գրեց, որ հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերեւս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայոց բանակը ապացուցել է, որ անկոտրում է։

«Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ»,- գրել էր նա։

Այլ մանրամասներ Ա․Հովհաննիսյանը չի հաղորդել։

Գրառումից հետո կայացած ճեպազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ  վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-երը Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով սկսել են լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ առնվազն 3-4 ուղղություններով, հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը։

«Օրվա ընթացքում հյուսիսային ուղղությամբ տեղի են ունեցել թեժ մարտեր, մեծ, ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման՝ զրահատեխնիկայի կիրառմամբ։ Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել, այսօր երեւի թե տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկը ողջ պատերազմի ընթացքում։ Այդ ընթացքում մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել՝ պատճառելով էական կորուստներ։ Այս ընթացքում ԶՈւ-երի կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի միասնական, համատեղ, փայլուն հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ մնացած ուղղություններում մարտական գործողությունները նույնպես շարունակվել են։

Ըստ նրա՝ հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի, չնայած որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-երը որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը. հետախուզադիվերսիոն գործողություններով մեծ ռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ իրականացնել եւ տեղեկատվական ակցիաներ իրականացնել, դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա, նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնեն առաջին հերթին իրենց հասարակության վրա, հետո նաեւ մեր հասարակության վրա։

«Արդեն բավականին ժամանակ մարտական գործողությունների ընթացքում կոտրելով սեփական ԶՈւ-երի մեծ ներուժը, հարձակողական մարտերում նշանակալի, էական առաջընթաց ու հաջողություններ չունենալով Ադրբեջանի հասարակությանը պետք է կերակրել նման տեղեկատվություններով։Ըստ էության, 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական 3-4 բանակային կորպուսները մեծ հաշվով մեծ գովելու բան չունեն։ Ցանկացած միջազգային ռազմական փորձագետ կհաստատի իմ ասածը։ Դրանից հետո ոչինչ չի մնում, բացի նրանից, որ դիվերսիոն խմբերն արագ ներթափանցումներ կատարեն տարբեր բնակավայրեր, տարբեր շինությունների մոտ նկարվեն եւ հետո ներկայացնեն տվյալ շինությունները որպես այս կամ այն գյուղի կամ քաղաքի գյուղապետարան կամ քաղաապետարան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը խոսեց նաեւ հրադադարի փորձերի մասին․

«Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել ընդամենը մեկ տեղամասում. մի քանի դիակ ենք թույլ տվել վերցնել եւ մենք էլ ենք վերցրել։ Անմիջապես դադարեցվել է, որովհետեւ խախտվել է եւ միջազգային երաշխիքները չեն պահպանվել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Մինչեւ օրս որեւէ միջազգային ռազմական փորձագետ չի վկայել, որ ադրբեջանական ԶՈւ-ն 3-4 կորպուսով հարձակվելով մեկ գնդի առաջխաղացման ծավալի արդյունքի է հասել, նկարահանումներով սեփական իշխանությանն ու հանրությանը խաբելու մասին Ա․Հովհաննիսյանի պնդումները եւս, ինչպես հետագայում պարզվեց, իրականությանը չէին համապատասխանում։  Հովհաննիսյանը նաեւ չի հայտնել Հադրութի անկման մասին, որն արդեն 4 օր թշնամու ձեռքում էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ