News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհներ հիմնանորոգվում են, բայց խնդիրն այն է, որ այդ ամենի արդյունքում ճանապարհներն ավելի անվտանգ չեն դառնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը` անդրադառնալով ՀՀ-ում ասֆալտապատման  աշխատանքների որակին:

«Քանի որ ճանապարհաշինությունը և ընդհանրապես քաղաքաշինությունը շատ սերտորեն կապ ունեն երթևեկության անվտանգության հետ և այդ ամենը երբ ներկայացվում է ճանապարհներ կառուցելու կամ հիմնանորոգվելու քողի տակ, պետք է նաև իրականությունը մատուցվի և հաշվի առնենք այն, ինչ այսօր ունենք։ Գոնե վերջին 2-3 տարիներին կտրուկ թափ է հավաքում հիմնականում մարզերում ՃՏՊ զոհերի թիվը։ Ամեն տարի հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհներ հիմնանորոգվում են, բայց խնդիրն այն է, որ այդ ամենի արդյունքում ճանապարհներն ավելի անվտանգ չեն դառնում։ Այսինքն` միայն ասֆալտ անելը բավարար չէ։ Օրինակ Երևան-Սևան ճանապարհին մատների վրա կարելի է հաշվել արագության սահմանափակման նշանները, կարող ես նույնիսկ 10 կմ երթևեկել և մոռանալ, թե արագության ինչ սահմանափակում է գործում»,- ասաց նա։

Ղահրամանյանի խոսքով` նաև հիմնովին փոփոխություն է անհրաժեշտ շինարարության պահանջների նկատմամբ:

«Միգուցե դա օրենքով է սահմանված, բայց այդ օրենքները երկար ժամանակ է՝ փոփոխության չեն ենթարկվել և դրա արդյունքում տենդերները շահում են, ասֆալտը արվում է, գումարը տրվում է, բոլորը գոհ և երջանիկ են, բայց զոհերը չեն պակասում։ Նկարներ են տեղադրում, որ գծանշումներ են արված, սակայն արգելափակոցներ չկան, այսինքն ձորն ընկնելու հավանականությունը մեծանում է։ Սա ուղիղ կապենք նաև այն գործոնի հետ, որ երբ մարդիկ տեսնում են, որ ասֆալտը հարթ է, այդքան ձգտում են արագության բարձրացման, իսկ որքան արագությունը բարձրանում է, այնքան մեծանում է բախման հետևանքով մարմնական վնասվածքների հավանականությունը։ Արդյունքում ունենում ենք շատ դժբախտ դեպքեր։ Հավելենք նաև, որ շինարարության ընթացքում շատ քիչ են պահպանվում անվտանգության նորմերը և վերջին խոշոր դժբախտ պատահարի պատճառը ևս նշվեց, որ շինարարական նորմերի խախտումն է։ Մեր ճանապարհները կահավորված են մարդու հիշողության վրա, որովհետև մեզ մոտ ոչ թե ընդունված է, որ մարդն անծանոթ վայրում պետք է հստակ կողմնորոշվի, այլ ասում են՝ այստեղ այսպես է եղել, ես հիշում եմ»,- հավելեց նա։

Տպել
Ամենաշատ