News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 24
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ միջադեպ, որի ժամանակ ՔՊ-ական մի շարք պատգամավորներ և պատգամավորների օգնականներ խմբակային հարձակում գործեցին   ընդդիմադիր պատգամավորների օգնականներ Գերասիմ Վարդանյանի, Տարոն Ղազարյանի և Սևակ Նազարյանի վրա: Այս մասին գրում է Yerkir.am-ը:

Դեպքից հետո ՔՊ-ական պատգամավորները, ըստ էության, գործելով ամենաբարձր հրահանգով, մեկը մյուսի հետևից սկսեցին եղածը մեկնաբանել 180 աստիճանով շուռ տված՝ փորձելով հանրության աչքում Գերասիմ Վարդանյանին ներկայացնել իբրև հանցագործի և հանցավոր տարրի:

Իրականում ո՞վ է Գերասիմ Վարդանյանը: 2007-2009 թթ. ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայության անցնելով, իսկ 2013 թ. ավարտելով ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2015 թ.՝ մագիստրատուրան, 2016-2019 թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ում՝ որպես պահպանության գծով տնօրենի տեղակալ։ 2018-2019 թթ., զուգահեռաբար, պատմության ուսուցիչ է աշխատել Արարատի մարզի դպրոցներից մեկում։

2011 թ․ անդամագրվել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը, որի ատենապետն է եղել 2012-2014 թթ.։ 2016-2017 թթ. եղել է ՀՅԴ Արարատի մարզի «Արարատ» մարզային կոմիտեության նախագահը։ 2021 թ. առ այսօր ՀՅԴ Արարատի մարզի «Արարատ» Մարզային կոմիտեության ներկայացուցիչն է։

Լինելով նորանկախ Հայաստանի ուսանողական դաշտի ամենահեղինակավոր և գաղափարական կազմակերպություններից մեկի՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երկարամյա անդամն ու պատասխանատուն՝ Գերասիմ Վարդանյանն ուսանողական տարիներին նախաձեռնել է բազմաթիվ կոնֆերանսներ, քննարկումներ, բողոքի տարաբնույթ ակցիաներ, ընդվզումներ ու հարյուրավոր այլևայլ միջոցառումներ: Այդ ամենով նա իր համեստ ներդրումն է ունեցել ուսանողական դաշտի կայացման գործում:

Երիտասարդ տարիքից զբաղեցնելով աշխատանքային և կուսակցական պատասխանատու դիրքեր՝ Գերասիմ Վարդանյանը մշտապես աչքի է ընկել իր կազմակերպչական ձիրքով, սեփական գործի հանդեպ ունեցած նվիրումով և արձանագրած արդյունքներով:

2021 թ. խորհրդարանական ընտրություններում Գ. Վարդանյանը եղել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու՝ համամասնական ցուցակի 49-րդ համարը:

Բացի ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայությամբ իր պարտքը կատարելուց, Գերասիմ Վարդանյանը ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում մասնակցություն է ունեցել թե՛ Ապրիլյան քառօրյային, թե՛ 44-օրյա գոյապայքարին: Մարտադաշտ մեկնելով պատերազմների առաջին իսկ օրերից՝ Գ. Վարդանյանը աչքի է ընկել ինչպես իր կարգապահությամբ, այնպես էլ մարտական առաջադրանքներ կատարելու բարձր պատրաստվածությամբ: Հավելենք նաև, որ 44-օրյա գոյապայքարի ընթացքում Արցախի հյուսիսային սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորվել է:

Վերոնշյալը Գերասիմ Վարդանյանի՝ ով լինելու մասին էր: Իսկ թե ովքե՞ր և ի՞նչ կենսագրություն ունեն Գերասիմին հանցագործ ներկայացնողներն՝ ի դեմս աներձագ Հրաչոյի, բազմիցս «գունափոխված ուսապարկ» Վահագն Ալեքսանյանի, հայրենի Սյունիքի դիրքերը «բանավոր ըմբռնումներով» հանձնած նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանի և այլոց, կարծում ենք, այստեղ ներկայացնելու կարիք չկա. դրանց հակապետական գործունեությունը հասարակության աչքի առջև է:

Ահա նրանց և Գերասիմի տարբերությունը:

Հ.Գ. Գերասիմի նկատմամբ սույն սադրանքը ևս խափանվեց կամ չտվեց ցանկալի արդյունք: Բայց, քանի որ Գերասիմ Վարդանյանն այնքան է ցավեցնում այս իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին, տպավորություն է, որ ամենաբարձր մակարդակով հրահանգ կա՝ նրան «դարձնել» հանցագործ և նոր սադրանքների միջոցով անհապաղ կալանավորել։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ