News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենդանաբանական այգու անգղների վանդակում բնակիչների թիվը վերջին երկու ամսվա ընթացքում պակասել է։ 5 անգղ է սատկել, որոնցից 4–ը՝ սպիտակագլուխ։ Թե որն է գիշատիչ թռչունների անկման պատճառը, ցույց կտան լաբորատոր հետազոտությունները։

«Թե՛ կենդանիները, թե՛ թռչունները չէին ուտում իրենց հատկացված սննդակարգով։ Նրանք պետք է տարբեր բաներ ուտեին, բայց նրանց մատուցվում էր ոսկորոտ միս»,–NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու էկոլոգ Հրանտ Դավոյանը։

Կենդանիներին ոչ ճիշտ սննդակարգ մատուցելու մասին, Հրանտ Դավոյանի խոսքով,  տեղյակ է եղել նաեւ Կենդանաբանական այգու տնօրինությունը եւ իրեն որպես մասնագետի հրավիրել են աշխատանքի՝ խնդիրը  կարգավորելու համար։ Մեկ ամիս է, ինչ Դավոյանն աշխատում է Կենդանաբանական այգում, եւ կենդանիների սննդակարգը, նրա խոսքով, փոխվել է։

«Սննդակարգի մեջ մտցվել են կրծողներ, ծովախոզուկ, նապաստակ, առնետ»,– ասաց Դավոյանը։

Կենդանաբանական այգում 5 անգղի անկման մասին նախօրեին գրել էր hraparak.am–ը։ Կայքի տեղեկություններով, Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանը լիարժեք չի կատարում իր պարտականությունները, ինչի հետեւանքով էլ այգում բարձիթողի վիճակ է ստեղծվել, խոսվում է նաեւ  չարաշահումների մասին, կենդանիներին նորմալ չեն կերակրել, ինչն էլ հանգեցրել է նրանց անկմանը։ Կայքի հետ զրույցում Կենդանաբանական այգուց ահազանգել են նաեւ մեկ արջի եւ քարայծի սատկելու մասին, սակայն Կենդանաբանական այգում այս տեղեկությունը հերքում են։

Տեղի ունեցածի պատճառով Կենդանաբանական այգում աշխատանքից ազատվողներ են նաեւ եղել։

«Դրա համար էլ այս աղմուկը բարձրացել է»,– նկատեց Կենդանաբանական այգու էկոլոգ Հրանտ Դավոյանը։

Կենդանաբանական այգու արդեն նախկին գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը, որն ազատման դիմում է գրել այս տարվա սկզբին նորանշանակ տնօրենի պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանի հետ տարաձայնությունների պատճառով, համաձայն չէ, որ սխալ սննդակարգն է եղել անկման պատճառը։

«Էդ ո՞նց են որոշում, թե ճիշտ սննդակարգը որն է։ Մենք հիմնականում առաջնորդվել ենք Մոսկվայի կենդանաբանական այգու սննդակարգով, որը մշակված է եղել տարբեր գիտնականների կողմից։ Բացի այդ ավելացվել է նաեւ մեր ռեգիոնին բնորոշ մթերքներ։ Անգղները 13–ից 15 օր ընդհանրապես ոչինչ չեն կերել։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդքան կենդանի մեկ վանդակում եւ կեր չեն կերել, հետեւաբար իրենք հյուծվում են, իսկ  հյուծված կենդանու մոտ կզարգանան թե՛ պարազիտներ, թե՛ ինֆեկցիոն  հիվանդություններ եւ այլ խնդիրներ։ Այդ անգղները 30–ից 40 տարի նույն վանդակում են եղել եւ ոչ մի ճիճվաթափում չեն անցել, որովհետեւ դրանց համար նախատեսված չի եղել, քանի որ բնականից դրանց իմունիտետը բարձր է, դրանց մոտ այդ պարազիտները երբեք խնդիր չեն առաջացնում։ Խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ կենդանին հյուծվում է»,– ասաց Հարություն Հովհաննիսյանը։

Նա պատմեց, որ ինքը թռչուններին չկերակրելու մասին զեկույցներ է գրել, բայց Կենդանաբանական այգում ուշադրություն չեն դարձրել։

Երբ անգղները սկսել են սատկել, գլխավոր կենդանաբույժը ազատման դիմում է գրել, դրանից հետո նրան երկու անգամ նկատողություն են տվել՝ թռչուններին չճիճվաթափելու համար, հետո աշխատանքից ազատել։ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ կերպ փորձել են թռչունների սատկելու պատասխանատվությունն իր վրա բարդել։

«30 տարի այդ թռչունները չեն ճիճվաթափվել, ոչ մի բան նրանց չի եղել, ու հանկարծակի որոշեցին, որ չճիճվաթափվելուց հինգ անգղ սատկեց, դա ոնց է լինում, ես չեմ պատկերացնում»,– նշեց Կենդանաբանական այգու արդեն նախկին գլխավոր կենդանաբույժը։

Ըստ Հովհաննիսյանի՝ նոր տնօրենի պաշտոնակատարի օրոք սխալ կառավարման արդյունքում արձանագրվել է նաեւ արջի, քարայծի, եղնիկների անկում։

Ի դեպ, Արեւիկ Մկրտչյանը Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մոտ 6 ամիս առաջ։ Մինչեւ այդ նա աշխատել էր Կենդանաբանական այգում որպես միջազգային կապերի մասնագետ, սակայն Կենդանաբանական այգու աշխատողները դեմ էին նրա նշանակմանը։ Նրանք բողոքի ակցիա էին արել եւ հայտարարել, որ մտահոգ են այգուն սպասվող ճակատագրով։

Տպել
Ամենաշատ