ԿԸՀ-ն այն մարմինը չէ, որը գնահատական տա որեւէ դատական ակտի, առավել եւս դատարանի ձեւավորված իրավական դիրքորոշման: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին դատարանը որոշեց, որ Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը 5 տարի չի կարող զբաղեցնել ՏԻՄ-երում ղեկավար պաշտոն:
«Կա դատական ակտ, այն ունի բողոքարկման ընթացակարգեր եւ դրա վերաբերյալ, անգամ որպես իրավաբան կոռեկտ չեմ համարում դատական ակտի վերաբերյալ տեսակետ ներկայացնել, առավել եւս, որ որպես ԿԸՀ, հիշյալ հարցերը հանձնաժողովի գործառույթների տիրույթից դուրս են»,-ասաց Մուկուչյանը:
Նա նույն պատճառաբանությամբ նաեւ չպատասխանեց հարցին, թե արդյոք կարո՞ղ է Առուշ Առուշանյանն աշխատել որպես համայնքապետ, մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը:
«Ես դատական ակտին ամբողջությամբ չեմ ծանոթացել, ծանոթ չեմ դրա հիմնավորումներին»,-ասաց ԿԸՀ նախագահը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, մարտի 28-ին հրապարակեց Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, համաձայն որի՝ Առուշ Առուշանյանն արդարացվեց ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։
Նա մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածով, 113-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես պատիժ կիրառվեց ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նկատի ունենալով, որ Առուշանյանը 8 ամիս գտնվել է արգելանքի տակ, նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 6 ամիս 18 օր ժամկետը։ Նրա նկատմամբ պատիժը պայմանական չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով:
Միաժամանակ որպես պատիժ է նշանակվել նաեւ ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելով ու տուգանքով։
Առուշ Առուշանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Նրա պաշտպաններն արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են Առուշանյանին համայնքապետ լինելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելու որոշումը:











