News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Մոսկվայում վերջերս ստորագրված 30 կետից բաղկացած փաստաթուղթը կենացների հավաքածու է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ գնահատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած փաստաթուղթը։

«Մենք գործ ունենք սովորական բառակույտի հետ։ Դրանց տակ հիմք չկա։ Դրանց թիկունքում ոչ մի բան չկա։ Սակայն դրանք ցույց են տալիս կողմերի մտադրությունը։ Եթե նայենք ոչ թե տեքստին, այլ համատեքստին, ապա դրանք տարբեր բաներ են։ Ընդ որում՝ թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմից։ Հայաստանն, օրինակ, հաստատեց իր հավատարմությունը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային դինամիկային։ Սա կարելի է տեսնել այնպիսի նրբերանգներով, ինչպիսիք են «կենսաբանական լաբորատորիաները», «Երկրորդ համաշխարհային պատերազմը» կամ «Հայրենական մեծ պատերազմը»,  «պայքարը նացիզմի եւ ֆաշիզմի դեմ»։ Այսինքն՝ սրանք այն թեմաներն ու սյուժեներն են, որոնք, չգիտես ինչու, սուր են Ռուսաստանի համար, իսկ Հայաստանի համար՝ ոչ այնքան։ Չեմ կարծում, որ ամբողջ Հայաստանը նստած մտածում է այն կենսաբանական լաբորատորիաների մասին, որոնք տեղադրվում են Ռուսաստանի շուրջ»,-պարզաբանեց Իսկանդարյանը։

Ռուսական կողմից, ինչպես նշեց փորձագետը, տեսանելի է որոշակի ուղերձ՝ ուղղված ոչ միայն Հայաստանին, այլեւ Ադրբեջանին։

«Սրանով ուզում են ասել. «Մենք այստեղ ենք եւ մնում ենք՝ չնայած այն խնդիրներին, որոնք  ունի Ռուսաստանը»։ Բայց, այնուամենայնիվ, չնայած Արեւմուտքի հետ առճակատմանը, եւ չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր, Հարավային Կովկասի օրակարգը դուրս չի գալիս ռուս առաջնորդների եւ ռուսական շահերի ուշադրության շրջանակից։ Բայց ես խոսում եմ միայն հռետորաբանության մասին, ոչ թե իրականում տեղի ունեցողի մասին: Այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է»,-ընդգծեց քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ