News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունները շատ ժամանակ եւ ռեսուրսներ են ծախսում՝ փորձելով մեղմել ուկրաինական պատերազմի պատճառով էներգիայի գների կտրուկ աճը։ Սակայն պատերազմն ավելի մեծ ճգնաժամի սերմեր է ցանել, որին գրեթե նույնքան ուշադրություն չի դարձվում: Պարենի համաշխարհայինպակասը սննդամթերքի գները  ռեկորդային մակարդակների է հասցնում, ինչը տնտեսական եւ քաղաքական հետևանքներ ունի զարգացած երկրների համար եւ սովի ու պարտքային ճգնաժամի սպառնալիք է ստեղծում ձեւավորվող շուկայով երկրների համար:

Ռուսաստանը եւ Ուկրաինան արտադրում են ցորենի համաշխարհային արտահանման 30 տոկոսը, ինչպես նաեւ՝ արեւածաղկի ձեթի 60 տոկոսը։ Առնվազն 26 երկիր իրենց հացահատիկի կեսից ավելին ստանում են Ռուսաստանից եւ/կամ Ուկրաինայից։

Ըստ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալների՝ պատերազմը մինչեւ 2022 թվականի սեզոնն Ուկրաինայի գյուղատնտեսական հողերի 20-30 տոկոսը չցանված կամ չհնձված կթողնի: Չնայած ռուս ֆերմերները դեռ կարող են արտադրել, պատժամիջոցները խոչընդոտում են արտահանմանը:

Ռուսաստանը՝ պարարտանյութերի աշխարհի խոշորագույն արտահանողը, մարտի սկզբին հայտարարեց արտահանման արգելքի մասին: Արտահանումը Բելառուսից պատժամիջոցների տակ է: Անցած ամառ Չինաստանը պարարտանյութերի արտահանման արգելք սահմանեց։ Ներկայումս պարարտանյութերի համաշխարհային աղետալի դեֆիցիտ կա: Գները կտրուկ աճել են, ինչը ֆերմերներին ստիպում է հաջորդեցնել մշակաբույսերը կամ ավելի քիչ սննդանյութեր օգտագործել, ինչը հավանաբար ավելի ցածր բերքատվության կհանգեցնի:

ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսի համաձայն՝ անցած տարվա ապրիլից պարենային ապրանքների գներն աճել են գրեթե 30 տոկոսով։ Այս ճգնաժամն առավել սուր զգացվում է զարգացող երկրներում։ Սննդամթերքի գնումները կազմում են ցածր եկամուտ ունեցող երկրներում տնային տնտեսությունների ընդհանուր ծախսերի առնվազն կեսը, եւ զարգացող շուկաներով շատ կառավարություններ պարենային սուբսիդիաներ են տրամադրում: Դրանց պահպանումը գնալով ավելի է դժվարանում, քանի որ փոխառության ծախսերի աճը սահմանափակում է բյուջետային տարածքը, իսկ պարենային ապրանքների գներն արագ աճում են: Համաշխարհային բանկի տվյալներով՝ սննդամթերքի գների բարձրացման յուրաքանչյուր տոկոսային կետով աշխարհում 10 միլիոն մարդ աղքատության շեմից այն կողմ է հայտնվում:

Շատ զարգացող շուկաներում պարենային անապահովությունն արդեն սոցիալական բողոքների եւ աշխարհաքաղաքական ռիսկերի աղբյուր է դարձել: Պարենային մթերքների եւ էներգակիրների գների աճը բողոքի ցույցեր է առաջացրել Շրի Լանկայում, Թունիսում եւ Պերուում։ Զարգացած տնտեսությունները եւս վտանգի տակ են։ Գրեթե 10 միլիոն բրիտանացի ապրիլին կրճատել է սննդամթերքի սպառումը կամ բաց են թողել սննդընդունումը, իսկ Ֆրանսիան նախատեսում է սննդի կտրոններ տրամադրել ամենաաղքատ ընտանիքներին: Պարենի եւ էներգակիրների գներով պայմանավորված գնաճն ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի հարց է, որը կարող է փոխել այն, թե ով է վերահսկում Կոնգրեսը:

Մի շարք երկրների կողմից տեղական մատակարարումների պաշտպանության նպատակով կիրառվող առեւտրային սահմանափակումները բազմապատկիչ ազդեցություն ունեն, որն արագացնում է պարենային ապրանքների գնաճը: Ռուսական արեւածաղկի ձեթի արտահանման սահմանափակումները ստիպել են Ինդոնեզիայի ապրիլին արգելել արմավենու յուղի արտահանումը: Անցյալ շաբաթ Հնդկաստանն արգելք սահմանեց ցորենի արտահանման վրա։

Պարենային օգնության տրամադրմանն ուղղված համաշխարհային ջանքերը պատմականորեն անփույթ, իսկ երբեմն նաեւ հակաարդյունավետ են եղել: ԱՄՆ-ն, որը պարենային օգնություն մատակարարող աշխարհի խոշորագույն երկիրն է, պահանջում են, որպեսզի այն լինի ոչ թե կանխիկ գումարի, այլ ԱՄՆ-ում արտադրված սննդի տեսքով: Եւ դրանց առնվազն կեսը պետք է ուղարկել ամերիկացիներին պատկանող նավերով։ Արդյունքում, Աֆրիկյան երկրներին պարենային օգնության վերջերս հաստատված օրինագիծը նախատեսում է, որ ԱՄՆ-ն 388 միլիոն դոլար կծախսի 282 միլիոն դոլարի սննդամթերք տեղափոխելու համար:

Տնտեսագետները եւ պարենային օգնության փորձագետներն ասում են, որ աշխարհը պետք է կենտրոնանա փող եւ փորձ ուղարկելու, այլ ոչ թե միայն սննդի պաշարներ կուտակելու վրա: Շատ ավելի էժան եւ շատ ավելի արդյունավետ է օգնել ֆերմերներին տեղական մակարդակով տեղական արտադրանք արտադրել՝ բերքը հարմարեցնելով իրենց կլիմայական եւ հողային պայմաններին: Սննդամթերք եւ պարարտանյութ արտահանողները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, ԵՄ-ն, Արգենտինան եւ Բրազիլիան, պետք է համաձայնեն առեւտրային սահմանափակումներ չկիրառել, իսկ Հնդկաստանը պետք է չեղարկի իր սահմանափակումները: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ՄԱԿ-ի հետ միասին պետք է քննարկեն Ուկրաինայից հավաքված հացահատիկի արտահանման ուղիները։ Թեեւ դա քիչ հավանական է, Չինաստանը կարող է կատարել իր ներդրումը՝ վերացնելով պարարտանյութերի արտահանման արգելքը եւ նվազեցնելով եգիպտացորենի, բրնձի եւ ցորենի պաշարները:

Ներկայումս ծրագրեր են իրականացվում՝ Ռուսաստանից էներգիայի արտահանման կորուստը փոխհատուցելու հարցում երկրներին օգնելու համար։ Իսկ պահանջարկի անկումը, քանի որ համավարակի հետ կապված օգնության կրճատումը դանդաղեցնում է աճը, եւս պետք է էներգակիրների գների նվազման հանգեցնի: Սակայն պարենային ճգնաժամն ավելի երկար կտեւի եւ կազդի միլիոնավոր մարդկանց վրա: Պատերազմը կավարտվի, բայց կլիմայի փոփոխությունը կշարունակի ազդել սննդի մատակարարումների վրա։ Համաշխարհային առաջնորդները պետք է հիշեն «ինչ ցանես, այն էլ կհնձես» խրատը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ