News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Վանաձորցիներն անժամկետ փակել են քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը՝ Աղայան փողոցը։ Արդեն կես տարի ընդամենը մեկ կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը չի ավարտվում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ 

Հարակից շենքերի բնակիչներն ասում են՝ անտանելի է. արևին փոշու մեջ են, անձրևին՝ ցեխի. «Այսօր մարդիկ չեն կարողանում անգամ մի հատ պատուհան բացել, որ մաքուր շնչեն իրենց երեխաները: Ես իմ երեխուն պիտի փողոցն անցնեմ, որ տանեմ դպրոց, չեմ կարում, «տուման» ա ելնում էն ձևի, որ վարորդը գալիս, տոռմուզ ա տալիս զոռով, կանգնում»:

«Ամբողջ Վանաձորում ճանապարհները լոբու մարգեր են, լոբու մարգեր: Մինչև Չորրորդ Տարոնից գալիս եմ քաղաք, աղիքներս կտրատվում են», - ասում են նրանք:

Այս ճանապարհն անցած տարեվերջին՝ տեղական ընտրություններից անմիջապես առաջ, քանդեցին հիմնանորոգելու համար, բայց այդպես էլ գործն ավարտին չհասավ։ Նախ պատճառաբանեցին, թե ձմեռ է, ասֆալտապատելն անհնար է, իսկ հետո, թե քաղաքը ղեկավար չունի, շինարարին վճարել չեն կարող։ Վանաձորցիները մի քանի անգամ բողոքի ակցիաներ արեցին, դժգոհեցին, բայց արդյունք չեղավ։ Ավագանի ու ղեկավար չունեցող համայնքապետարանի պաշտոնյաները հուսադրում էին, թե համայնքի ղեկավարի պաշտոնակատար լինի, բոլոր չարված աշխատանքները կարվեն։

«Առաջ պատճառաբանում էին, թե համայնքը ղեկավար չունի, փող չի փոխանցվել: Հիմա էլ կա, փողը կա, համայնքն էլ ղեկավար ունի: Ինչքա՞ն կարելի է ժողովրդին խաբել», - ասում են տեղացիները:

Տասն օր առաջ Վանաձորում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց։ Աղայան փողոցի շինարարությունը վերսկսելու մասին հայտարարություն եղավ։ Բայց ընդամենը մեկ շաբաթ անց՝ այսօր վաղ առավոտյան, շինարարական ընկերությունը եկել ու փորձել էր տանել տեխնիկան` պատճառաբանելով, որ աշխատանքը հետաձգվել է անորոշ ժամանակով։

Հարակից շենքերի բնակիչները, սակայն, թույլ չէին տվել, այս պահին էլ խոշոր քարերով փակ է ճանապարհը նաև շինտեխնիկայի համար:

Աղայան փողոցի հիմնանորոգման համար հրատապ բաց մրցույթ է եղել դեռ անցած տարվա ամռանը։ Շահել է «Լեոպոլդ և ընկերներ» կազմակերպությունը` ընդամենը 1100 մետրանոց փողոցի հիմնանորոգման համար նախատեսելով 426 միլիոն դրամ՝ կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ։

Այսօր համայնքապետարանի կոմունալ բաժնի պատասխանատու Արմեն Այվազյանը, որ եկել էր հանդիպելու բողոքի ակցիայի մասնակիցներին, հրաժարվել է պատասխանել «Ազատության» հարցերին` ինչն է աշխատանքը դադարեցնելու պատճառը, ասել է՝ իրենք էլ չգիտեն՝ փորձում են պարզել. «Վերանորոգման աշխատանքների հետ կապված հարցերը հիմա քննարկվում են, կկարգավորվի, պետք չէ խնդիր սարքել»:

«Լեոպոլդ և ընկերներ»-ից ևս հրաժարվել են հստակ պատճառներ նշել։ Տենդերների մասնագետ ներկայացած Մարիաննան առանց մանրամասներ հայտնելու ասաց՝ ամեն ինչ անում են աշխատանքը վերսկսելու համար:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ