News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սասունցի Դավիթի արձանի մոտ այսօր՝ մայիսի 24–ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ Նշենք, որ սա առաջին օրն է, երբ հանրահավաքն անցկացվում է Սասունցի Դավիթի արձանի մոտ, սովորաբար «Դիմադրություն» շարժման հանրահավաքները տեղի են ունենում Ֆրանսիայի հրապարակում։

Հիշեցնենք, որ այսօր «Դիմադրություն» շարժման մասնակիցները առավոտյան Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվել էին Արտաքին գործերի նախարարության շենք եւ շրջափակել շենքի բոլոր մուտքերը։

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Մենք դիմում ենք ԱԳՆ-ի շենքում գտնվող մեր հայրենակիցներին, այնտեղ կան պատրաստված դիվանագետներ, տարանջտվեք Նիկոլից, մի կրեք այդ դավաճանական պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է: Մենք այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանք հակապետական է դեմ է մեր շահերին»:

Մի պահ իրավիճակը լարվել էր, հրմշտոց էր սկսվել, կարմիր բերետավորները փորձում էին հետ հրել ցուցարարներին, որոնք փակ էին պահում ԱԳՆ շենքի մուտքերը։

Ապա ընդդիմադիր պատգամավորները ցանկացան մտնել ԱԳՆ շենք, սակայն ոստիկանները փակել էին մուտքը եւ թույլ չէին տալիս։ Որոշ ժամանակ անց պատգամավորների պահանջը կատարվեց եւ նրանց թույլ տվեցին մտնել ԱԳՆ շենք:

ԱԳՆ շենքում նրանց ընդունել էր Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն առաջարկել էր  նրան կրել Արցախի դրոշով պիտակը, ինչին ի պատասխան Սաֆարյանը իր հագուստի վրա փակցրեց դրոշը։ Պատգամավորները հարց ուղղեցին նախարարի տեղակալին, թե կա՞ ԱԳՆ-ում մի աշխատակից, ով կարող է հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. «Դուք այս ճգնաժամը մեկ նախադասությամբ կարող եք հաղթահարել, պետք է միայն ասեք այդ պարզ նախադասությունը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Արտաքին գործերի նախարարի տեղակալը, սակայն, այդ նախադասությունն այդպես էլ չասաց։

Մոտ 4 ժամ շենքը շրջափակելուց հետո «Դիմադրություն» շարժման մասնակիցները բացեցին ԱԳՆ շենքի մուտքերը։ Հանրահավաքից հետո նրանք երթով կշարժվեն Ֆրանսիայի հրապարակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ