News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուսաստանում հայ-ադրբեջանական կարգավորման ոլորտում Եվրամիության գործունեության նկատմամբ մոտեցումը միշտ էլ պարզ է եղել՝ կարգավորման ցանկացած ջանքեր դրական են, իսկ արմունկներով հրմշտելը՝ Ռուսաստանին որեւէ տեղից «դուրս մղելու» համար, ոչ կառուցողական մոտեցում է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։

Արեւմուտքը, նրա գնահատմամբ, վերջին ամիսներին իր դիվանագիտական ջանքերի առյուծի բաժինը ծախսում է Ռուսաստանին որեւէ տեղից դուրս թողնելու համար։

«Ձգտո՞ւմ է արդյոք Եվրամիությունը մեզ դուրս թողնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից։ Հնարավո՞ր է արդյոք դա։ Չնայած Ռուսաստանին դուրս թողնելու փորձերին, առայժմ դա անել չի հաջողվել։

Ես հիմքեր չեմ տեսնում, որ դա կհաջողվի անել այստեղ, քանի որ շատ գործնական հարցերում Ռուսաստանը որպես միջնորդ անփոխարինելի է։ Դա վերաբերում է նաեւ տեղում անվտանգության ապահովմանը, դա վերաբերում է Ադրբեջանի եւ Հայաստանի երկկողմ հարաբերություններին, դա վերաբերում է տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շուրջ բանակցություններին։

Վերջերս Արեւմուտքից այնպիսի հայտարարություններ են լսվում, որ իրենք չեն պատրաստվում համագործակցել Ռուսաստանի հետ լեռնայինղարաբաղյան կարգավորման, հայ-ադրբեջանական կարգավորման հարցերում»,- հավելեց քաղաքագետը։

Արեւմուտքի եւ Ռուսաստանի առճակատումը, ինչպես կարծում է Սիլաեւը, արդեն տեղափոխվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարթություն։

«Մոսկվան շահագրգռված է կայունության պահպանման մեջ, որպեսզի կարգավորումն առաջ շարժվի։ Այո, այս առաջխաղացման տեմպերը, գուցե, միշտ չէ, որ գոհացուցիչ են, բայց դրանք այն են, ինչին կողմերն այժմ պատրաստ են։ Այս առումով միջնորդը չի կարող այս կամ այն կողմի փոխարեն ճանապարհ անցնել։

Ռուսաստանը կշարունակի այդ աշխատանքը՝ չնայած իրեն դուրս մղելու փորձերին։ Ռուսաստանը չէ, որ ռուս-արեւմտյան հակամարտությունը դարձնում է դիվանագիտական աշխատանք՝ կապված Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հետ, Ռուսաստանը չէ, որ մերժում է ցանկացած փոխգործակցություն Արեւմուտքի հետ։ Դռները նրանք են փակել։ Մենք կշարունակենք անել այն, ինչ անում ենք։

Սոչիում նույնպես քննարկվել էր հանձնաժողովը, որը մինչեւ տարեվերջ պետք է սկսեր բանակցությունները, համաձայնագրի շուրջ աշխատանքները։ Այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք Բրյուսելն այնպիսի պայմանավորվածությունների ձեռքբերում էր, որոնք հնարավոր չէր ձեռք բերել ռուսական միջնորդությամբ, թե՞ դա ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների հրապարակային շնորհանդես էր»,- հավելեց փորձագետը։

Սիլաեւը հայ-ադրբեջանական հակամարտությունը համարում է ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող ամենախոշոր, ամենաբարդ դիվանագիտական խնդիրներից մեկը՝ դա հին հակամարտություն է, որի վրա դրվում են հայկական եւ ադրբեջանական կողմերի համար կարեւոր բազմաթիվ պատկերացումները։

«Մրցակցությունն ու այդ մրցակցության պարտադրումը ինձ չի թվում, թե պատասխանատու վարքագիծ է, եւ վայել չէ մեծ տերություններին։ Այստեղ կողմերի մոտ գայթակղություն է առաջանում՝ ինչ-որ կերպ շահարկելու միջնորդներին, մանեւրելու, խուսանավելու նրանց միջեւ՝ իրենց որոշ մոտեցումներն առաջ տանելու կամ բանակցային գործընթացն արգելակելու համար, եթե այն չի գոհացնում։ Եթե դիվանագիտական կարգավորման շուրջ աշխարհաքաղաքական մեծ մրցակցություն առաջանա, ապա վտանգ է առաջանում, որ Հայաստանում եւ Ադրբեջանում ներքաղաքական գործոնները կսկսեն որոշակի ազդեցություն ունենալ ողջ իրավիճակի վրա, ինչը նույնպես այնքան էլ լավ չէ՝ բանակցությունները փակուղի տանելու վտանգ է առաջանում։

Ռուսաստանը երկու երկրների հետ էլ աշխատելու ավելի շատ հնարավորություններ ունի, քան Եվրամիությունը, իսկ հրապարակային հայտարարություններ արվում են, բայց դիվանագիտությունը երբեք չի սպառվում հրապարակային հայտարարություններով։

Ինձ համար հիմա դժվար է պատկերացնել որեւէ փոխզիջում, որը կբավարարի եւ՛ ադրբեջանական, եւ՛ հայկական կողմերին։ Հիմա նրանց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակադիր են։ Եթե հանկարծ Բրյուսելի մոտ ծնվել է ինչ-որ գաղափար, որը կընդունեն եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը, ապա մենք գլուխ ենք խոնարհում։ Ի վերջո, պետք է կողմերը պայմանավորվեն։ Այն դիրքորոշումը, որ կարգավիճակի հարցը առաջին հերթին դժվար թե կարելի լինի լուծել, ինձ խելամիտ է թվում եւ արտացոլում է բոլոր քաղաքական իրողությունները, որոնք կան։

Ինչ վերաբերում է պարտադրմանը, ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես կարող է Արեւմուտքը, առավել եւս՝ Եվրամիությունը, որի արտաքին քաղաքական ռեսուրսները սահմանափակ են, ինչ-որ բան պարտադրել։ Հիմա շատ դժվար է նույնիսկ փոքր պետություններին ինչ-որ բան ստիպել։ Ես չեմ կարծում, որ Եվրամիությանը դա կհաջողվի»,- եզրափակեց ռուս մասնագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ