News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս տարվա մայիսին Երեւանում իրականացվել է բնակարանների առքուվաճառքի 1092 գործարք։ Ապրիլի համեմատ այս ցուցանիշն աճել է 40 միավորով (կամ 3,8 տոկոսով)։ Եթե ​​համեմատենք տարեկան կտրվածքով, ապա  տեղաշարժն արդեն ավելի տպավորիչ է՝ 315 գործարքով աճ (կամ 1,4 անգամ)։

Մայիսին գրավադրվել է 204 բնակարան (մեկ տարի առաջվա 186 բնակարանի դիմաց)։ Պայմանականորեն ենթադրենք, որ այս բոլոր բնակարանները գրավադրվել են բնակարաններ ձեռք բերելու նպատակով (սովորաբար նորակառույցներում)։ Այսպիսով, տարվա կտրվածքով այս ցուցանիշն աճել է «ընդամենը» 18 բնակարանով։ Ի դեպ, այս թվերից պարզվում է, որ բնակարանների գնման գործարքների գրեթե մեկ հինգերորդը կատարվել է հիփոթեքով։

Նվազագույն է եղել նաեւ օտարերկրյա գնորդների գործոնի ազդեցությունը։ Գործարքների թվի կտրուկ աճը մասամբ կարելի է բացատրել նախորդ տարվա մայիսի համեմատաբար ցածր բազայով։ Ինչպես երեւում է գրաֆիկից, անցած տարվա մարտին առավելագույն մակարդակին հասնելուց հետո ապրիլ-մայիս ամիսներին գործարքների քանակը հետեւողականորեն նվազել է։

Պաշտոնական հրապարակումներում տրված շուկայական գների դինամիկան բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Վերջին տարիներին՝ չնայած արտաքին եւ ներքին մի շարք բացասական գործոնների, այդ գները «ցուցադրում» են կայուն աճ։ Այս «երեւույթի» տարբերակներից մեկը հետեւյալն է՝

Գների կայուն աճի պայմաններում գնորդները սովորաբար շտապում են տուն գնել նախքան այն էլ ավելի կթանկանա։ Այսպիսով, այս միտումը կարող է ծառայել մեկ կարեւոր նպատակի՝ արագացնել սպառողների պահանջարկի ձեւավորումն ու իրականացումը։ Այդ թվում եւ հատկապես՝ մայրաքաղաքի նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման գծում։

Մայիսն այս «կանոնից» բացառություն չէր։ Նույն պաշտոնական տվյալներով, մեկ ամսվա ընթացքում բնակարանների գները բարձրացել են Երեւանի բոլոր վարչական շրջաններում, բացառությամբ Ավանի (տես՝ աղյուսակ 1):   

Նշենք, որ մայիսին տարեկան գնաճը հասել է 9 տոկոսի։ Նույն ժամանակահատվածում մեկ քառակուսու միջին շուկայական գները 10.8 տոկոսից (Նոր-Նորք) աճել են մինչեւ 21.0 տոկոս (Զեյթուն): Այս վարկանիշի առաջատարը ոչնչով չի զիջում այսպես կոչված «էլիտար թաղամասին»՝ Կենտրոնին, որտեղ քառակուսին թանկացել է 20,1 տոկոսով։ 

Ինչպես հայտնի է, օրերս ուժի մեջ են մտել «Անկանխիկ վճարումների մասին» օրենքում փոփոխությունները, եւ 300 հազար դրամից ավելի գործառնություններն ու գործարքները պետք է կատարվեն միայն անկանխիկ եղանակով։ Այսինքն՝ բնակարանների առքուվաճառքի գրեթե բոլոր գործարքները ավտոմատ կերպով ենթակա են սույն օրենքին:  

Մեկ այլ տարբերակ էլ կա. Անշարժ գույքի գնորդն ու վաճառողը կարող են պայմանավորվել գումարի մի մասը փոխանցել կանխիկ, իսկ միայն մնացածը՝ փոխանցումով։ Հասկանալի է, որ նման փաստերի բացահայտումը գրեթե անհնարին խնդիր է։  

Ամփոփելով՝ նշենք, որ վերջին ամիսներին Հայաստանում նկատվող դրամի ամրապնդումը հանգեցրել է ԱՄՆ դոլարով անշարժ գույքի գնի հարաբերական աճի։ Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են 1քմ-ի միջին շուկայական գները:

Առանձին սյունակում ներկայացված է ԱՄՆ դոլարով գների աճը, որը տեղի է ունեցել միայն փոխարժեքի փոփոխության պատճառով։ Օրինակ՝ Կենտրոն թաղամասում հունվար-մայիսին  քառակուսու  միջին գինը բարձրացել է 203 դոլարով, այդ թվում՝ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի արժեզրկման պատճառով՝ 86 դոլարով։ Դրամի ամրապնդման գործընթացը շարունակվում է մինչ օրս, եւ ԱՄՆ դոլարով գները համապատասխանաբար աճում են։ 

Տիգրան Վարդանյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն...
«Փաստ». Բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու և Շիրակի մարզի 181 ընտանիքի
Մասնավորաբար, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու...
Ամենաշատ