News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ամիսներ առաջ, երբ Իրանը Հայաստանին կապող Կապան-Գորիս ավտոճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում ադրբեջանական անցակետեր տեղադրվեցին, իրանական բեռնատարները դադարեցին այդ ճանապարհից օգտվել, քանի որ ստիպված էին լինելու մինչեւ 300 դոլար մաքսատուրք վճարել: Փոխարենը բեռնատարները սկսեցին Հայաստան գալ եւ վերադառնալ հայկական կողմի առաջարկած այլընտրանքային՝ Տաթեւով անցնող ճանապարհով, որը, սակայն, կարճ ժամանակ անց փլուզումների եւ այլ խնդիրների պատճառով խիստ անհարմար է դարձել երթեւեկության համար:

Օրեր առաջ, տեղի բնակիչների փոխանցմամբ, տեղեկություն հայտնվեց, որ, իրանցի վարորդները սկսել են Գորիս-Կապան ճանապարհից օգտվել եւ այլեւս մաքսատուրք չեն վճարում, քանի որ ունեն անհրաժեշտ փաստաթղթերը:

NEWS.am-ի թղթակիցը բեռնափոխադրումներ իրականացնող իրանցի վարորդների է հետ է զրուցել, որոնք այս տեղեկությունը չեն հաստատել եւ ասել են, որ տեղյակ չեն՝ արդյո՞ք հնարավոր է առանց մաքսատուրք վճարելու երթեւեկել Գորիս-Կապան հատվածով։

Իրանցի վարորդները պատմել են, որ շարունակում են երթեւեկել Տաթեւ–Աղվան այլընտրանքային ճանապարհով, որից դժգոհ են, հատկապես՝ ձյան եւ անձրեւների ժամանակ։

«Տաթեւ–Աղվան ճանապարհը քանդված է, երբ անձրեւ է գալիս, երթեւեկելը դժվարանում է, ասֆալտը վնասված է»,– մեզ հետ զրույցում ասաց իրանցի վարորդ Ալիաշվար Ադիլին։

Մահմադրեզ Հեմաթին էլ պատմեց, որ Գորիս-Կապան ճանապարհից չի օգտվում, որովհետեւ ադրբեջանցիները խնդիրներ են ստեղծում եւ գումար գանձում իրանցի վարորդներից։

«Ես չեմ լսել նման տեղեկություն, որ վերջին ժամանակահատվածում մեր վարորդները օգտվեն Գորիս-Կապան ճանապարհից։ Ես խնդրում եմ, որ մեր բողոքը տեղ հասնի, եւ Տաթեւի ճանապարհը սարքվի, որովհետեւ քանդված է, պետք է ասֆալտը սարքել։ Անիվները վնասվում են»,– ասաց իրանցի վարորդը։

Վարորդների փոխանցմամբ՝ իրենցից շատերը հրաժարվում են օգտվել անբարեկարգ վիճակում գտնվող Տաթեւ–Աղվան ճանապարհից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ