News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Հետխորհրդային երկրներում էթնիկ խմբերի իրավունքները, որոնք արդեն եղել են, խլելը սովորաբար վտանգավոր է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Իրադարձությունները Կենտրոնական Ասիայում, ըստ նրա, ԽՍՀՄ-ի տարածքային դրվածքի եւ նրա փլուզման արձագանքն էին, դրանք այն խնդիրներն են, որոնք լավ հայտնի են նաեւ Հարավային Կովկասում։ Նա ավելացրեց, որ դրանց պատճառները գրեթե նույնն են, ինչ եւ ամենուրեք, բայց տարբեր տարածաշրջաններում, կախված տեղից եւ առանձնահատկություններից, տարբեր կերպ են զարգանում։ «Բոլորովին վերջերս մենք կարող էինք հետեւել բախումներին ղրղըզա-տաջիկական սահմանին, անկարգություններին Տաջիկստանի ներսում, լուրջ քաղաքական բախումներին Ղրղըզստանում, վերջին իրադարձություններին Ղազախստանում, իսկ հիմա էլ Կարակալպակիայում։ Այս ամենը շատ նման է այն բանին, ինչ տեղի էր ունենում, օրինակ, Հարավային Օսիայում, Աբխազիայում, Ղարաբաղում, Հյուսիսային Կովկասում, երբեմն դա տեղի է ունենում նախկին ԽՍՀՄ-ի արեւմտյան հատվածներում»,- նշեց Իսկանդարյանը։

Նա հիշեցրեց, որ Կարակալպակիան զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի մոտ 40 տոկոսը, որտեղ ապրում է երկրի բնակչության 5-6 տոկոսը։ «Փոքր բնակչության եւ մեծ տարածքի պայմաններում այդ հանրապետությունը լուրջ էկոլոգիական ճգնաժամ է ապրում ցամաքող Արալյան ծովի պատճառով, բնակչությունն աղքատ է, խառը եւ տարբերվում է բնիկ՝ ուզբեկ բնակչությունից»,- ասաց փորձագետը։

Այնտեղ անկախության ակնհայտ նշաններ, ինչպես նշեց Իսկանդարյանը, սկզբում չկային, եւ ըստ ուզբեկական սահմանադրության՝ այդ հանրապետությունը ինքնիշխան է, դուրս գալու ձեւական իրավունքով։ Նա չբացառեց, որ հուզումները կարող էին առաջանալ նաեւ Ղազախստանում իրադարձությունների ազդեցությամբ, որտեղ նախագահի դերի որոշ փոփոխություններ կատարվեցին։

«Կարակալպակստանը սահմանակցում է ավելի հարուստ Ղազախստանի հետ, ղազախները եւ կարակալպակները երկու շատ մոտ էթնոսներ են։ Այս ամենն այդ տեսքով գոյություն ուներ տասնամյակներ, մինչեւ որ Ուզբեկստանում սկսեցին փոխել Սահմանադրությունը՝ որոշելով իջեցնել Կարակալպակիայի կարգավիճակը, բայց հուզումներն սկսվելուց հետո նախագահ ասել է, որ եթե ժողովուրդը չի ցանկանում, ապա փոփոխություններ չեն լինի։ Իսկ բողոքն արդեն սկսվել է, արդեն տեղի է ունեցել, նստվածք մնալու է։ Կենտրոնական Ասիայի եւ մերձավորարեւելյան երկրների համար շատ կարեւոր է զանգվածային բողոքների փորձը, ներքեւից շարժման փորձը, նման բաներն անհետք չեն անցնում, եւ դրա հետ պետք է երկար աշխատել։ Սա առնվազն լավ դաս է հետխորհրդային տարածքի բոլոր երկրների համար։ Նման իրավիճակներում պետք է չափազանց զգույշ լինել։ Գործընթացները կարող են անկառավարելի դառնալ, իսկ հայերին այդ մասին ասելու հարկ չկա»,- ամփոփեց քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ