News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բժիշկներն ու սննդաբանները հեռուստաեթերում կամ տպագիր պարբերականների էջերում պարբերաբար խորհուրդ են տալիս հակաօքսիդիչներով հարուստ մթերք ավելի շատ օգտագործել։ Ի՞նչ են այդ հակաօքսիդիչներն ու ինչո՞ւ են այդքան անհրաժեշտ։

Ինչպես պարզաբանեց ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը, մարդու օրգանիզմում օքսիդացման պրոցեսներ են ընթանում, և եթե դրանք կառավարումից դուրս են գալիս, ապա կարող են վնասել ԴՆԹ-ն, սպիտակուցները։ Օրգանիզմում օքսիդիչներ են այսպես կոչված ազատ ռադիկալները, ինչպես նաև պերօքսիդային միացությունները, իսկ դրանց չեզոքացնող նյութերը կոչվում են հակաօքսիդիչներ։ Ավելի ստույգ, ինչպես նշեց Լևոն Թավադյանը, հակաօքսիդիչ անվանումը այդքան էլ ճիշտ չի ընտրված, որովհետև այդ նյութերը հավասարակշռում, կարգավորում են ազատ ռադիկալների ազդեցությունը, որոնք ևս անհրաժեշտ են օրգանիզմին։

Հակաօքսիդիչները կարող են սինթեզվել օրգանիզմում կամ ստացվել սննդի, սննդային հավելումների ու դեղերի միջոցով։ Նորմայում օրգանիզմն ինքը դիմակայում է օքսիդացման պրոցեսներին, բայց ազատ ռադիկալների ավելցուկի դեպքում նրան դրսից աջակցություն է հարկավոր։ Առավել հայտնի բնական հակաօքսիդիչներն են ասկորբինաթթուն (վիտամին С) և տոկոֆերոլը (վիտամին Е): Այդ շարքին են դասվում նաև ֆենոլները՝ ֆլավինը և ֆլավանոիդները (հաճախ հանդիպում են բանջարեղենում) և տանինները (սուրճում, թեյում և կակաոյում)։ Հակաօքսիդիչները սինթեզվում են նաև արհեստական կերպով։

Դրանք անհրաժեշտ են ոչ միայն մարդու օրգանիզմին, այլև սննդամթերքի երկարատև պահպանման համար, ինչպես նաև մի շարք ոչ օրգանական նյութերը, օրինակ՝ տարբեր ծածկույթների համար լաքերը, ներկերը, վառելիքը, ավտոդողերի ռետինը թթվածնային դեգրադացումից պաշտպանելու համար։

ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում Լևոն Թավադյանի ղեկավարությամբ հետազոտում են բնական ծագում ունեցող ֆենոլային և ինստիտուտում սինթեզված սելենօրգանական միացությունների հակաօքսիդիչային ազդեցության քիմիական մեխանիզմները: Հետազոտությունն իրականացվում է ԿԳՄՍ Գիտության կոմիտեի Առաջատար հետազոտությունների աջակցության մրցութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Ինչպես պարզաբանեց Լևոն Թավադյանը, նախագծի նպատակներն են.

1.Ուսումնասիրել հետազոտվող միացությունների հակաօքսիդիչային ակտիվությունը և բացահայտել քիմիական ազդման մեխանիզմները։ Գիտնականի խոսքով, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում այդ միացությունների ազդեցությամբ։ Եվ պետք չէ մոռանալ նաև «դեղաչափ/ արդյունավետություն» օպտիմալ հարաբերակցության մասին։ Նախկինում համարվում էր, որ վիտամին С-ի անսահմանափակ օգտագործումը շատ խնդիրներ է լուծում, բայց հետագայում պարզվեց, որ այդպես չէ։ Պետք է գտնել օպտիմալ դեղաչափերը։

2.Բացահայտել տարբեր հակաօքսիդիչների այնպիսի համադրություններ, որոնց դեպքում կդիտվի հակաօքսիդիչային ազդեցության արդյունավետության բարձրացում։ «Բնության մեջ հակաօքսիդիչները մեկը մյուսին կամ ուժեղացնում են, կամ՝ թուլացնում։ Օրինակ, ասկորբինաթթուն (վիտամին C) ուժեղացնում է վիտամին E-ին։ Առանձին-առանձին դրանք շատ ավելի թույլ են աշխատում, քան՝ միասին, դա կոչվում է սիներգիզմի երևույթ», - ասաց Լևոն Թավադյանը։

3.Ուսումնասիրել գենետիկական ինֆորմացիա կրող կենսամոլեկուլի՝ ԴՆԹ-ի,  օքսիդացումային քայքայման պրոցեսն արգելակելու հակաօքսիդիչների ունակությունը։ Ինչպես պարզաբանեց գիտնականը, սննդային հակաօքսիդիչները, ԴՆԹ-ի հետ կապվելով, կառուցվածքով և կապման եղանակով պայմանավորված կարող են կորցնել իրենց հակաօքսիդիչային հատկությունները։ «Մեր խնդիրն է գտնել այն հակաօքսիդիչները, որոնց հատկությունները չեն թուլանում ԴՆԹ-ի հետ կապվելիս», - ասաց նա։

Տարբեր միացությունների համատեղելիության հարցը ևս այս գիտնականների խմբի ուշադրության կենտրոնում է։ Ինչպես պարզաբանեց Լևոն Թավադյանը, սննդի արդյունաբերությունում արտադրողականության բարձրացման կամ սննդամթերքի երկար պահպանման համար կարող են տարբեր միացություններ օգտագործվել, և դրանց համատեղելիությունը պետք է ստուգել՝ մարդու օրգանիզմին վնաս չհասցնելու նպատակով։

Լևոն Թավադյանի ղեկավարած խմբի հետազոտություններն ունեն ոչ միայն զուտ գիտական, այլև՝ գործնական, կիրառական մեծ նշանակություն։ Մասնավորապես, գիտնականները ծրագրում են բացահայտել սննդի ստացման, պահպանման ու շահագործման մեջ հակաօքսիդիչների կիրառման օպտիմալ պայմանները և չափաբաժինները։ Ծրագրվում է նաև հակաօքսիդիչների հիմքի վրա դեղաբանական ձևեր ստանալ և ուսումնասիրել բուժական թերապիայի արդյունավետության բարձրացման հնարավորությունը։

Այդ նպատակով գիտնականներն ուսումնասիրում են սելեն պարունակող արհեստական միացությունները։ Ինչպես հիշեցրեց Լևոն Թավադյանը, կորոնավիրուսի համավարակի ժամանակ բժիշկներն ակտիվորեն նշանակում էին զանազան վիտամիններ, այդ թվում՝ սելեն պարունակող դեղամիջոցներ, հաշվի առնելով հենցնաև դրանց հակաօքսիդիչային հատկությունները։ Նախագծի շրջանակում գիտնականները սինթեզում են նոր, օրգանիզմի կողմից առավել լավ յուրացվող, ոչ տոքսիկ, ինչպես նաև ընտրողական ակտիվությամբ օժտված սինթետիկ հակաօքսիդիչներ:

Լևոն Թավադյանի խոսքով, հակաօքսիդիչային դեղային թերապիայի ապագան թիրախային թերապիան է, կրողների սինթեզը, որոնք այդ հակաօքսիդիչները քիչ քանակությամբ կհասցեագրենօրգանիզմիանհրաժեշտ հատվածը։ «Այսինքն, ոչ թե հակաօքսիդիչները մեծ քանակով ներմուծել, որ հասնի վնասված մաս, այլ քիչ քանակով, բայց ուղղորդված տեղափոխվի այնտեղ։ Նոր տիպի հակաօքսիդիչներ ու դեղամիջոցներ այդքան շատ չեն ստեղծում։ Հիմա ուղղություններից մեկն այդ կրողների ստեղծումն է՝ թերապիայի արդյունավետության բարձրացման նպատակով», - ասաց նա։

Ինչ վերաբերում է հետազոտության համար անհրաժեշտ գործիքային բազային, ապա, գիտնականի խոսքով, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում արդեն գործում է բավականին հարուստ լաբորատորիա, բայց դրամաշնորհի շրջանակում ևս ծրագրվում է սարքավորում և նյութեր ձեռք բերել։ Նոր թանկարժեք սարքավորում ծրագրվում է ձեռք բերել նաև Գիտության կոմիտեի մեկ այլ դրամաշնորհային ծրագրով, որը վերաբերում է հենց սարքավորումներին։

«Նաև հաճախ սարքավորումների պակասը կարողանում ենք լրացնել կոլաբորացիայով՝ համատեղ աշխատանքներ կատարելով արտասահմանյան առաջատար գիտական կենտրոնների հետ։ Կոնկրետ այս ծրագրով համագործակցում ենք Մոսկվայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետ», - ասաց նա, հավելելով որ ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև փոխայցելություններ և ՀՀ մեր երիտասարդ մասնագետների վերապատրաստում Մոսկվայի ինստիտուտում։

Նա նշեց, որ գիտական գործունեությունում շատ կարևոր են տարբեր երկրների գիտնականների շփումները, և առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրի առավելություններից մեկն այդ շփման հնարավորության ընձեռումն է։ Ծրագրի մեկ այլ կարևոր բաղադրիչ է աշխատանքներին երիտասարդ գիտնականների և ուսանողների ներգրավումը։ Դրա հետ մեկտեղ Լևոն Թավադյանը նշեց, որ այսօր բարձր մասնագիտական որակավորում ունեցող մագիստրոսներ գտնելը բավականին բարդ խնդիր է։ Նախկինում, նրա խոսքով, բավարար ֆինանսավորում չկար և գիտությունից  երիտասարդների արտահոսք էր դիտվում։ Այսօր, մասնավորապես այս ծրագրի շրջանակում ֆինանսավորումը բավարար է, բայց երիտասարդների ևուսանողների մոտ գիտության հանդեպ հետաքրքրությունը  և պատրաստվածության մակարդակը նվազել է ։

Երիտասարդների շրջանում գիտության հանդեպ հետաքրություն արթնացնելու համար, Լևոն Թավադյանի խոսքով, պահանջվում է առնվազն չորս պայման՝ համապատասխան գիտական մթնոլորտ, համապատասխան գիտական ենթակառուցվածքներ, սոցիալական խնդիրների լուծման հնարավորություն և արդարության մթնոլորտ։

Կառավարության վերջին որոշումները գիտության վերաբերյալ, և, մասնավորապես, առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիրը գիտնականը գնահատում է որպես Հայաստանում գիտության աճի խթանմանը նպաստող դրական քայլ:

«Նախագիծը հետազոտական աշխատանքների ծավալների մեծացման և միջազգային ասպարեզում մրցունակ գիտական արդյունքների ներկայացման հնարավորություն է տալիս: Նախագծում արտասահմանյան գործընկերոջ ներգրավվածությունը նպաստում է միջազգային գիտական համագործակցության ընդլայնմանը: Կարևոր բաղադրիչ է նաև ծրագրում երկկողմանի գործուղման առկայությունը, որը երիտասարդների համար գիտական փորձի փոխանակման լավ հնարավորություն է», - ասաց նա։

Անահիտ Սարգսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ