News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ես չեմ հիշում Հայաստանի վերջին երեսուն տարվա պատմության ընթացքում որևէ մարդ, նույնիսկ ոչ հայազգի, որն անցանկալի անձ ճանաչվեր Հայաստանի իշխանությունների կողմից, NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի հայկական ընկերությունների համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին Հայաստանում անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների որոշմանը։

Ըստ նրա՝ դա պիտի արվեր այնպիսի մարդու նկատմամբ, որն ակնհայտ թշնամանք է սերմանում Հայաստանի նկատմամբ, գործում է օտար երկրների գործակալությունների թելադրանքով և նրա գործունեությունը մեծ վնաս է հասցնում Հայաստանին։ Նախկին փոխնախարարը նշեց, որ ոչ մի բացատրություն չի տրվել, թե ինչով է Մուրադ Փափազյանը նպաստել Հայաստանի միջազգային դիրքի խարխլմանը, հեղինակության անկմանը։

«Չկա այդպիսի բացատրություն։ Պարզապես այս մարդը Սփյուռքի մեր այն ամենահայտնի գործիչներից մեկն էր, որի հետ հաշվի էին նստում նաև տվյալ երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները։ Եվ քանի որ այդ հեղինակությունը սարսափեցնում էր մեր թշնամիներին, ես ողջամիտ կասկած ունեմ, որ թելադրել են նրան [վարչապետին – խմբ․] այդ մարդուն չընդունել Հայաստան, և առանց երկար բարակ մտածելու մարդուն հայտարարեցին անցանկալի անձ»,– ասաց նա։

Հարցին, թե ովքեր են թելադրել, Սրապիոնյանը պատասխանեց, թե այն երկրները, որոնց հետ այս իշխանությունները ձգտում են բարեկամության, որոնք սակայն մեզ ոչ մի ձեռք չեն մեկնում, հակառակը, դրանցից մեկը ուղղակիորեն ասում է, հայերը իրենց «սրի ծայրից պատահաբար պրծած մսի կտորներ ենք և որ իրենք իրենց գործը կհասցնեն մինչև վերջ»։   

«Միայն նրանց ձեռնտու չէր Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան, նաև Հայաստանի կառավարիչներին, որոնք ձեռք ձեռքի տված թուրքական երկու պետությունների հետ միասին, ես սա հայտարարում եմ ուղղակիորեն իբրև իմ համոզմունք, փորձում են վերջնականապես ոչնչացնել Հայաստանի պետականության մնացորդները, իսկ դրա հետ կվերջանա նաև հայ ժողովուրդը»,– նշեց նա։

Սերժ Սրապիոնյանն ասաց, թե ինքը չի զարմանա, երբ մի գեղեցիկ օր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ին էլ արժանանա Մուրադ Փափազյանի ճակատագրին, որովհետև նա ևս կոշտ դիտարկումներ է անում, իսկ դա այս իշխանությունների քիմքին հաճո չէ և չեն ունկնդրում զգուշացումները, որոնք ցավող սրտից են բխում։ «Սա նաև ակնարկ է բոլոր նրանց, որոնք դրսում զբաղվում են այս կառավարության ձախավեր քաղաքականության հետ չհամաձայնելով և այն քննադատելով»,– նշեց նա։

Նախկին փոխնախարարի կարծիքով՝ չի բացառվում, որ նրանք ունենան ցուցակ, որում կունենան առավել ակտիվների անունները, և այդ ակտիվ մարդիկ այլևս Հայաստան մուտք գործել չեն կարող։ «Մինչդեռ նախկին իշխանությունների ժամանակ ղեկավար կազմը, գերատեսչությունների ղեկավարները հնարավոր բոլոր միջոցներով աշխատում էին Սփյուռքի մեր հեղինակավոր հայրենակիցների հետ ստեղծել սերտ կապեր, ներկայացնել Հայաստանը, նրանց բերել Հայաստան, որովհետև նրանց ներուժը շատ լավ գիտակցում էին։ Իսկ այս մարդիկ գնում են հակառակ ճանապարհով, ինչը տասնամյակների շարունակ երազել են իմ թվարկած թշնամական երկու պետությունները»,– ասաց նա։

Տպել
Ամենաշատ