Իրանի հետ միջուկային բանակցություններում ներգրավված երկրների մեծ մասը համաձայն է 2015 թ. միջուկային համաձայնագրի պահպանմանն ուղղված Եվրամիության առաջարկին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Նրանցից շատերը համաձայն են, բայց ես դեռ պատասխան չունեմ Միացյալ Նահանգներից, որը, ինչպես հասկանում եմ, պետք է քննարկի դա, եւ մենք ակնկալում ենք, որ պատասխանը կստանանք այս շաբաթվա ընթացքում»,- ասել է Բորելը իսպանական TVE ազգային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Իրանը խնդրել է մի քանի ուղղումներ կատարել ԵՄ առաջարկի մեջ, որը չի հրապարակվել, ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի եւ Իրանի անուղղակի բանակցություններից հետո, որոնք տեւեցին 16 ամիս։ Նախօրեին նա ասել էր, որ Թեհրանի պատասխանը «ողջամիտ» է համարում: