Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին երկուշաբթի հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է քննարկել միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համապարփակ եւ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման բանակցությունները։
«Ինչ վերաբերում է պատժամիջոցների հանման քննարկմանը, մենք կողմ ենք երկխոսությանը եւ համոզված ենք, որ անհրաժեշտության եւ հակառակ կողմի համապատասխան ցանկության դեպքում [ԳՀՀԾ-ի վերականգնման] բանակցությունները կարող են ավարտվել կարճ ժամկետում»,- ասել է Քանաանին մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Կանիի եւ Եվրամիության միջուկային գործարքի գծով համակարգող Էնրիկե Մորի հանդիպումներն ու խորհրդակցությունները։
2015թ. ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների «հնգյակը» եւ Գերմանիան Իրանի հետ ստորագրեցին Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագիրը»՝ ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի հաղթահարմանը։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. որոշում ընդունեց այդ պայմանավորվածություններից դուրս գալու մասին։ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը քանիցս նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարք։
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան Վիեննայում 2021թ. ապրիլից Իրանի հետ ԳՀՀԾ-ի վերականգնման բանակցություններ են վարում։ 2022թ. նոյեմբերի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ բանակցությունների հերթական փուլը իսլամական հանրապետության ներկայացուցիչների հետ Վիեննայում ավարտվել է անարդյունք։