News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ աշխատակիցներին ներկայացնելու ծառայության նոր մոդելը, որը միտված է բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ նոր համակարգի կիրառումը դեռևս կրում է փորձնական բնույթ և ենթակա է հետագա բարելավումների ու շտկումների, որոնք պետք է կատարվեն հատկապես աշխատակիցների ակտիվ մասնակցությամբ՝ վերջիններիս ներկայացրած առաջարկների հիման վրա: 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Սերգեյ Մեղրյանը բարձր է գնահատել նման հանդիպումն ու նշել, որ ծառայությունում առկա խնդիրները հնարավոր է լուծել միայն միասնական աշխատանքի արդյունքում:

Նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հավելել է, որ  վերջին  ամիսների ընթացքում ծառայության բարեփոխման ուղղությամբ կատարվում են  ակտիվ աշխատանքներ ՝ օրենսդրական փոփոխություններ,  որոնք միտված են բարձրացնել ոչ միայն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետությունը, այլև՝  նպաստել՝ հարկադիր կատարող-քաղաքացի անմիջական շփումների հաստատմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը:

Միջազգային գործընկերների աջակցությամբ ներկայումս իրականացվում է և մինչ տարվա վերջ ավարտին կհասցվի ՀԿԱԾ համակարգի ամբողջական թվայնացումը, ծրագրվում է բարելավել ծառայության գույքային դրությունը, բացի այդ նախատեսվում է պարեկային ծառայության մոդելի հիման վրա ՀԿԱԾ հատուկ ծառայության մոդելի ստեղծում:

Մինասյանը ընդգծել է, որ այսօրինակ բարեփոխումները  նպատակ են հետապնդում արմատապես փոխելու հասարակության ընկալումը հարկադիր կատարողների վերաբերյալ՝ նրանց դիտելով ոչ թե որպես պարզապես բռնագանձող սուբյեկտների, այլ մարդկանց խախտված իրավունքները փաստացի վերականգնող պաշտոնատար անձանց:

Տպել
Ամենաշատ