News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիան ցանկանում է օգտագործել իսրայելական Heron անօդաչու թռչող սարքերը՝ կարեւոր ենթակառուցվածքները ռուսական հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար, հայտնում է Globes-ը՝ հղում տալով գերմանական լրատվամիջոցներին։

Իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը, որոնք երկարաժամկետ գործարքի շրջանակում վարձակալել է գերմանական կառավարությունը, շուտով կարող են տեղակայվել գերմանացի զինվորականների կողմից՝ երկրի կենսական էներգետիկ ենթակառուցվածքը վերահսկելու եւ ռուսական նավատորմի տեղաշարժերին հետեւելու համար:

2016 թվականին գերմանացիները վարձակալել են հինգ Heron-TP անօդաչու թռչող սարքեր եւ երկու ուսումնական անօդաչու թռչող սարքեր՝ գրեթե 1 միլիարդ եվրո արժեքով: Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Գերմանիայի խորհրդարանը որոշել է թույլատրել ԱԹՍ-ները համալրել իսրայելական արտադրության հրթիռներով եւ սկսել գերմանական բանակի առաքելությունները Եվրոպայից դուրս՝ 140 միլիոն եվրո նախնական արժեքով։ Վերջին երկու տարվա ընթացքում Գերմանիայի ռազմաօդային ուժերի տասնյակ օդաչուներ վերապատրաստվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Թել Նոֆ բազայում՝ անօդաչու սարքեր շահագործելու նպատակով՝ որպես Իսրայելի կառավարության եւ Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության հետ կնքված համատեղ գործարքի մի մաս:

Այժմ, Եվրոպայում անվտանգության վատթարացող իրավիճակի պատճառով, կոչ են անում փոխել անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, որպեսզի դրանք կարողանան վերահսկել Գերմանիայի կարեւոր էներգետիկ ենթակառուցվածքները:

Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) գերմանացի պատգամավոր Յոհաննես Արլտն անցյալ շաբաթ առաջարկել է օգտագործել վարձակալված անօդաչու թռչող սարքերը՝ Գերմանիայի գազային եւ էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու համար: Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզերը, որը նույն կուսակցությունից է, կոչ է արել զգալիորեն մեծացնել ենթակառուցվածքների պաշտպանությունը:

Գերմանիայի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ներկայումս արգելված է։ Այնուամենայնիվ, Deutsche Zeitung-ը, հղում անելով ՆԳՆ-ին, վերջերս հայտնել է, որ իսրայելական արտադրության անօդաչու սարքերը շուտով կտեղափոխվեն առաջատար էսկադրիլիայի «Բուհել» ավիաբազա, որտեղ «փորձնական թռիչքներ» կիրականացնեն:

ԵՄ-ն փորձում է արտադրել սեփական զինված անօդաչու թռչող սարքերը, որոնք կոչվում են «Եվրոդրոն», իսկ Իսրայելից անօդաչու թռչող սարքերի վարձակալումը եւ հրթիռներով զինվելը համարվում է «միջանկյալ լուծում»։

Անցյալ ամիս Գերմանիան պաշտոնապես հայտարարել է, որ ծրագրում է Իսրայելից գնել Strela-3 հակաօդային պաշտպանության համակարգը՝ ԱՄՆ-ի հավանությանն արժանացած ծրագրի շրջանակում, որը կարժենա մոտ 3 միլիարդ եվրո եւ կպաշտպանի Գերմանիան եւ ոչ միայն՝ բալիստիկ հրթիռներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ