News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի պետական կառավարման համակարգը պատրաստ է համընդհանուր հայտարարագրման համակարգին անցնելուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:

Նրա խոսքով, ՊԵԿ-ը, որը սպասարկելու է այդ ողջ համակարգը, պատրաստ է, այլ բան է, որ մեր հանրությունը դրան այնքան էլ պատրաստ չէ. «Տարիներ շարունակ մեր հարկային համակարգը չի նպաստել, որ հասարակության մեջ ձեւավորի եկամուտներ հայտարարագրելու մշակույթ: Մեր գործող օրենսդրությունն այսօր էլ ունի ֆիզիկական անձանց կողմից ստացվող եկամուտների պարտադիր հայտարարագրման ընթացակարգեր ու կանոններ: Այսինքն եթե քաղաքացին տարվա ընթացքում եկամուտ է ստանում ոչ հարկային գործակալից, գործող օրենսդրությամբ, եթե նույնիսկ ոչինչ չփոխենք, պարտավոր է հայտարարագրել իր եկամուտները: Այլ բան է, որ գործնական կյանքում քաղաքացիները չեն հայտարարագրում իրենց եկամուտները, իմանալով, որ նախ, հայտարարագրման պրոցեսը սպասարկող համակարգերը բարդություններ ունեն, երկրորդը, իմանալով, որ այդ մասով վարչարարություն չի արվում: Մյուս կողմից քաղաքացիներն անձնապես իրենց մաշկի վրա չզգալով պետության կողմից իրենց անձնական ծախսերի մասնակցության երեւույթ, որեւէ շահագրգռություն չունեն հայտարարագրելու իրենց ծախսերը»,-ասաց Ալավերդյանը:

Նրա խոսքով, քաղաքացիների մոտ եկամուտները հայտարարագրելու մշակույթ ձեւավորելում համար նախատեսվում է սոցիալական որոշ ուղղություններով ծախսերի գծով պետության որոշակի մասնակցության տարբերակ տալ քաղաքացիներին, որ նա հասկանա, որ հայտարարագրելով իր եկամուտները, պետությունից ստանալու է որոշակի օգնություն իր որոշակի սոցիալական ծախսերի համար՝ առողջապահություն, կրթություն, բնակարանային ապահովում, միաժամանակ հեշտացնելով հայտարարագրման բուն պրոցեսը:

«Մենք փորձում ենք համակարգը պարզեցնել այնքան, որ քաղաքացին գրեթե ժամանակ չծախսի դրա վրա: Այս պահին խնդիր կա դրված ՊԵԿ-ում հայտարարագրման համակարգը դարձնել հեռախոսով, հնարավորություն տալ քաղաքացուն հեռախոսի միջոցով հայտարարագրիր լրացնել»:

Դիտարկմանը, որ հայտարարագրման մասին օրենքով չկա տարիքային շեմ, ստացվում է, որ նորածնից մինչեւ ամենատարեցը, պետք է հայտարարագիր ներկայացնեն, Օրի Ալավերդյանն ասաց. «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս նախագծի նպատակներից մեկն է, որ պետությունն ունենա քաղաքացիների եկամուտների, քաղաքացու սոցիալական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, որ հետո կարողանանք քաղաքացիներին ավելի հասցեական պետական աջակցություն ցուցաբերել: Հիմա եթե մենք հայտարարագրման պարտավորությունը դնենք միայն նրանց վրա, որոնք աշխատավարձ են ստանում, եկամուտների մասին տեղեկատվություն հավաքելու նպատակը կմնար թղթի վրա: Այլ տիպի եկամուտ ունեցողներին եւս պետությունը պետք է տեսնի: Օրինակ, մենք չենք բացառում, որ տարեցները բացի թոշակից ստանան նաեւ այլ տեսակի եկամուտներ, ասենք, իրենց ունեցած բնակարանը կամ որեւէ այլ գույք վարձով տան»:

Ալավերդյանը նաեւ նշեց, որ այո, կան քաղաքացիներ, որոնք չունեն ինտերնետ հասանելիություն հայտարարագիր ներկայացնելու համար. «ՊԵԿ-ը այդ ուղղությամբ եկող տարվա ընթացքում իր աշխատանքներն իրականացնելու է այն տրամաբանությամբ, որ մարզերում գործող սպասարկման կենտրոններում հարկային աշխատողը քաղաքացու հետ միասին հայտարարգիր լրացնի: Ինչքան շուտ ձեւավորենք այդ մշակույթը, որ պետությանը պետք է հայտնել ձեր եկամուտների մասին, մասնակցել հանրային բարիքի ֆինանսավորմանը, այնքան լավ, որովհետեւ դրանից էլի քաղաքացին է օգտվելու»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես եք հայտարարագրելու չգրանցված աշխատողների, ասենք բլոգերների եկամուտները, ստվերային գործարքները, Ալավերդյանը պատասխանեց. «Բլոգերը, որ արտասահմանից կամ այլ հարթակից եկամուտ է ստանում, իր եկամուտները հայտարարագրման ենթակա են, նա պետք է հայտարարագրի ու հարկ վճարի: Այսօր ինքը, բացի քաղաքացիական գիտակցությունից, որեւէ այլ շահագրգռություն չունի այդ հարկը վճարելու: Հիմա մենք այդ քաղաքացուն ասում ենք՝ մենք գիտենք, որ դուք այլ հարթակներից եկամուտ եք ստանում, որ պետությունը միգուցե հնարավորություն չունի տեսնել այդ եկամուտը, եւ մենք ասում ենք՝ դուք այդ եկամտով առողջապահական, կրթական ծախսեր եք անում, ինչ-որ վարկ եք սպասարկում, տան վարձ եք տալիս, եկեք հայտարարագրեք այդ եկամուտները, դարձեք մեր պետության լիիրավ քաղաքացի, միաժամանակ, պետությունը կփորձի փոխհատուցել ձեր այն ծախսերը, որոնք մինչեւ հիմա որեւէ կերպ չենք իմացել ու չենք մասնակցել»:

Ինչ վերաբերում է վարձով բնակարան տվող քաղաքացիների եկամուտների մասին տեղեկություններ ստանալուն, նա ասաց, որ դա ամբողջ աշխարհում չլուծված խնդիր է, որովհետեւ դրա նկատմամբ վարչարարությունն ավելի շատ թանկ է լինելու, քան դրանից հավաքագրվող եկամուտները. «Դրա համար ենք տալիս սոցիալական որոշ ծախսերի փոխհատուցման հնարավորություն՝ եկամուտները հայտարարագրելու դեպքում: Կամ մենք գիտենք, որ մարդը ուրիշների տանը շինարարություն է անում, բայց չենք կարող ամեն մի շինարարի գլխին մարդ նստացնել ու տեսնել, թե ինչքան եկամուտ է ստանում: Դրա համար փորձում ենք շրջանցել այդ խնդիրը քաղաքացիներին շահագրգռելու ճանապարհով: Այո, նույնիսկ այդ դեպքում քաղաքացին կարող է թաքցնել իր եկամուտը, բայց մի բան է, երբ քաղաքացին հայտարարում է, ստորագրում է, որ եկամուտ չունի՝ թաքցնելով այն, եւ մեկ այլ բան է, որ քաղաքացին որեւէ բան չի ասում պետությանը, ինչպես հիմա է»:

Հարցին, թե ինչպես են հարկվելու տրանսֆերտները, Ալավերդյանն արձագանքեց. «Այս համակարգը որեւէ չհարկվող եկամուտ հարկվող չի դարձնում, որեւէ հարկվող եկամտի հարկային բեռ չի փոխում: Օրինակ, մարդն աշխատել ու իր ընտանիքին փող է փոխանցել, այդ եկամուտները ՀՀ-ում հարկվող չեն եղել, մենք դա համարել ենք նվիրատվություններ: Մեզ մոտ ֆիզիկական անձանց միջեւ նվիրատվությունները հարկվող չեն: Մենք դա հարկվող եկամուտ չենք համարում: Այլ բան է, որ իր, որպես քաղաքացի աշխատավարձի տեսքով ստացած եկամուտը հարկելու խնդիր ունենք:

Մեր քաղաքացիները, որոնք աշխատում են արտասահմանում, քանի դեռ իրենք կհամարվեն ՀՀ ռեզիդենտներ, իրենց եկամուտները ՀՀ-ում հարկվող են: Իրենք ընդամենը պետք է պրոցեսների միջով անցնեն, այսինքն եթե այլ երկրում իրենց եկամուտներից վճարվել է հարկ, անհրաժեշտ է այնտեղի հարկային մարմնից տեղեկանք բերել, թե ինչ չափի հարկ է վճարվել»:

հարցին, թե խոպանչին որտեղի՞ց հարկային մարմիններից տեղեկանք բերի, նա ասաց. «Այդ քաղաքացիների անունով հարկ էլ չի վճարվում դրսում շատ հաճախ: Մենք գիտենք, որ այդ քաղաքացիները դրսում եկամուտ են ստանում, դրա համար մենք ասում ենք՝ կարող եք ամսական մեկ մլն դրամի չափով եկամտի վերաբերյալ տեղեկանքը չբերել եւ մենք դրան նորմալ կվերաբերենք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ամենաշատ