News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Եռաբլուր» զինվորական պանթեոնից սեպտեմբերի 21-ին կարմիրբերետավորների կողմից զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով առերեսում է տեղի ունեցել ծնողներից Ազգուշ Մարտիրոսյանի եւ երկու ոստիկանի միջեւ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Վահան Հովհաննիսյանը պատմեց, որ առերեսման ընթացքում ոստիկանները տվել են իրար հակասող ցուցմունքներ։

«Ոստիկանները տալիս էին հակասական ցուցմունքներ, թե ընդհանրապես ով է տվել «Եռաբլուրում» տեղաբաշխվելու հրամանը տվել, ով է հրաման տվել բերման ենթարկել ծնողներին, ինչու է տրվել այդ հրամանը։ Մեր հարցերի արդյունքում ոստիկանն ընդունեց, որ իրենց կողմից բերման ենթարկելն անօրինական է եղել։ Ես հարց տվեցի՝ ինչո՞ւ եք բերման ենթարկել, պատասխանեց՝ հրաման է, տվել են, կատարել ենք։ Ես հաջորդ հարցը տվեցի՝ եթե ձեզ հրաման տային՝ կրակել ծնողների վրա, կկրակեի՞ք, պատասխանեց՝ ոչ, չէինք կրակի»,- պատմեց Հովհաննիսյանը։

Մոտ 8 ժամ տեւած առերեսման ընթացքում ոստիկանները, ըստ էության, խոստովանել են, որ իրենց գործողությունները ոչ օրինաչափ են եղել։

«Ոստիկանների մոտ կատարյալ անտարբերություն էր կատարվածի վերաբերյալ, թեպետ նրանք ներողություն էին խնդրում եւ խոստանում էին, որ հաջորդ անգամ նման բան լինելու դեպքում այլեւս նման գործողությունների չեն դիմի։ Ես նրանց հարցեր էի տալիս, նրանք շատ անտարբեր էին պատասխանում։ Ես հասկացա, որ եթե նման իրավիճակ հաջորդ անգամ էլ լինի, ապա նորից նույն քայլն են անելու։

Անգիր արած խոսքերով եկել էին մասնակցելու առերեսումներին, սակայն 2-3 հարցից հետո իրենց սերտած դասը փլվեց։ Այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ արդեն անհրաժեշտ էր առերեսում կատարել ոչ թե մի կողմից ոստիկանների եւ մյուս կողմից ծնողների, այլ հենց ոստիկանների միջեւ, քանի որ նրանց ցուցմունքներում առաջացել էին էական հակասություններ»,- պատմեց տուժողների փաստաբանը։

Հովհաննիսյանն ասաց, որ առերեսումները պետք է շարունակվեին, սակայն չեն շարունակվել. «Կարծում եմ՝ չշարունակվեցին այն պատճառով, որ վարույթն իրականացնող  մարմինն արդեն իսկ հասկացավ, որ առերեսումների արդյունքում նրանց մեղադրանքները հիմնավորվում են եւ հիմա, հավանաբար, ոստիկանական ստորաբաժանմանը կտրվի ժամկետ՝ կրկին վերընթերցելու իրենց դասը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Փաշինյանի այցը «Եռաբլուր» նշանավորվել էր հերթական միջադեպով։ Մինչ նրա գալը ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել զոհված զինծառայողների մի քանի տասնյակ ծնողների, որոնք չէին ցանկանում, որպեսզի Փաշինյանն այցելի իրենց որդիների շիրիմներին։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
Ամենաշատ