News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը


Շրջափակումը յուրահատուկ քննությունն էր, որը ցույց տվեց, թե ճգնաժամի ընթացքում ով արագորեն կարողացավ ընդգրկվել նոր ստեղծված աշխատանքային պայմաններում, ով է պատրաստ աշխատել՝ պահելով ամենօրյա այս տեմպը։ Այս մասին Արցախի Հանրապետության Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մտադիր էինք մինչեւ դեկտեմբերի վերջ գույքագրում անել, հասկանալ ընդհանուր իրավիճակը, եւ հունվարին արդեն հանգիստ ձեւավորել նոր կառավարության մոդելն ու ընդհանուր թիմը, բայց ճգնաժամն ամեն ինչ փոխեց: Կան պաշտոններ, որտեղ  միանգամից պետք էր նշանակումներ անել, օրինակ՝ առողջապահության նախարարի պարագայում։ Ուղղակի հասկանալի է,  որ ճգնաժամային իրավիճակում պետք է ավելի արագ որոշումներ կայացվեն եւ թիմը ձեւավորվի՝  թիմային մոտեցումով խնդիրների լուծման բանաձեւը գտնելու համար: Նոր իրավիճակը նոր մոտեցումներ է պահանջում: Եթե  մենք ուզում ենք անկախ Արցախում ապրել, պետք է ավելի օպերատիվ, ավելի ճկուն արձագանքենք՝  լուծումներ գտնելով տարբեր մարտահրավերների համար»,- նշել է Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ ստեղծված ճգնաժամն իր համար կանխատեսելի էր դեռ ամռանը,եւ  այդ պատճառով էլ ինքը եկավ Արցախ, սակայն ճգնաժամը սկսվեց ավելի շուտ, քան իր պատկերացրած փոփոխությունները կլինեին:

«Ճգնաժամի ընթացքում ամեն ինչ փոխվում է, քաղաքական կյանքն այլեւս նույն կերպ չի լինում, եւ շատ կարեւոր է այստեղ Օպերատիվ շտաբի դերը: Այնտեղ են ԱԺ-ից, պետական մարմիններից, ոստիկանությունից ներկայացուցիչներ, որոնց միջեւ բաժանված են տարբեր տեսակի հարցեր: Խնդիրները շատ են՝ բաժանված ընտանիքներ, միայնակ մնացած երեխաներ, սնունդ, բենզին, բուժում: Մենք փորձում ենք արագ գտնել այս ամենի լուծումը, բայց դա էլ հեշտ չէ, որովհետեւ պահ է գալիս, որ երկու վատ տարբերակների միջեւ պետք է ընտրես ավելի քիչ վատ տարբերակը: Հարցի լուծումը չենք գտել»,- ասել է նա:

Ռուբեն Վարդանյանը առանձնացնում է քաղաքացիների դերը, որոնք չնայած դժվարություններին, հավատով ու լավատեսությամբ լցված պայքարում են:

«Ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք մեզ միացել են թե Արցախում, թե Արցախից դուրս: Ուզում եմ նորից ասել արցախցիներին՝ եթե տեսնում եք, որ ինչ-որ բան չի գործում, մեզ հետ կապվեք, մենք կփորձենք լուծել հարցը եւ պատժել մարդկանց, որոնք կխախտեն խաղի կանոնները»,- ընդգծել է Վարդանյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ