News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպման մասին զեկույցներում մի կողմից, Բրյուսելում եւ Պրահայում կայացած հանդիպման մասին զեկույցներում մյուս կողմից, կարելի է տեսնել, որ հարցերը մոտավորապես նույնն են՝ հաղորդակցությունների ապաշրջափակում, խաղաղության պայմանագրի ստորագրում, փոխզիջումներ։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման տաղավարում, ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։

«Բայց կան որոշ մանրամասներ ու նրբերանգներ: Եթե Արեւմուտքը շրջանակային համաձայնագիր ցանկանար եւ ավելի շուտ․․․ քանի որ այս դեպքում հնարավոր կլիներ բարձրացնել խաղաղապահների ներկայության օրինականության, Հայաստանում 102-րդ բազայի առկայության անհրաժեշտության եւ արդիականության հարցը։

Մոսկվան ասում է՝ եկեք նախ տեղում որոշակի աշխատանք կատարենք՝ հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանազատում եւ սահմանագծում, Ղարաբաղի հարցը տեղափոխենք ավելի ուշ ժամկետի, երբ այն կորցնի այն սրությունն ու արդիականությունը, որն այժմ կա։

Մոսկվան առաջարկում է դանդաղ շտապել, իսկ Արեւմուտքն առաջարկում է արագացնել այդ բաները»,- ընդգծեց Մարկեդոնովը։

Անցյալ տարվանից, փորձագետի գնահատմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացում նոր իրողություն է նկատվում։

«Մինչեւ 2022 թվականը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լուրջ առճակատման կետ չէր։ Ուկրաինան, Մերձդնեստրը, Աբխազիան եղել են, իսկ Ղարաբաղը՝ ոչ։ Այժմ մենք տեսնում ենք աճող մրցակցություն խաղաղապահ նախաձեռնությունների այս բանակցային ձեւաչափերում։

Ֆրանսիայի նախագահը Պուտինին մեղադրում է Կովկասն ապակայունացնելու մեջ, ասում է, որ Ռուսաստանն օգտագործում է իր ազդեցությունը՝ Կովկասի երկրներին իր կամքը թելադրելու համար։ Սա նախկինում չի եղել: 2021 թվականին Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ եռակողմ ձեւաչափով բանակցությունների առաջին փուլից հետո Միշելը զանգահարել է Պուտինին։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում խաղաղ կարգավորման ինտերնացիոնալացումը։ Ինչպե՞ս Մակրոնն ու Պուտինը միասին խաղաղապահներ կուղարկեն, եթե, Մակրոնի կարծիքով, այն ամենը, ինչ անում է Ռուսաստանը Կովկասում, ապակայունացում է»,- հավելեց Մարկեդոնովը։

Նա նշեց, որ ինչ-որ տեղ Ռուսաստանի դիրքորոշումն այնքան էլ հստակ ձեւակերպված չէ, ինչ-որ տեղ նկատելի է Մոսկվայի կախվածությունը Թուրքիայից եւ Ադրբեջանից՝ Արեւմուտքի հետ առճակատման պատժամիջոցների պայմաններում, եւ հայ հասարակությանը դա անհանգստացնում է, եւ անվտանգության այլընտրանքային մեխանիզմների որոնումներ են կատարվում։

«Բայց միեւնույն ժամանակ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները Բաքվին դատապարտող բանաձեւ են ընդունում։ Պալատներից մեկի խոսնակը Երեւանում ասում է, որ մենք Արցախը չենք ճանաչի, եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելը մեր խնդիրների մեջ չի մտնում։

Նույն Եվրախորհրդարանի բանաձեւը միայն խորհրդատվական բնույթ ունի։ Բայց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքվում Ադրբեջանին անվանել է կարեւոր գործընկեր բոլոր օրակարգերում»,- ընդգծել է Մարկեդոնովը։

Նա կարծում է, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը դարձել են ուկրաինական հակամարտության պատանդներ, ինչը շատ է խանգարում։

«Միգուցե արեւմտյան երկրներն այնքան էլ անկեղծ չեն ասում, որ վաղը Ռուսաստանին պետք է դուրս մղել: Բայց եթե ուշադիր կարդում ենք հանդիպումների արդյունքների մասին մամուլի բոլոր հաղորդագրությունները, տպավորություն է ստեղծվում, որ այնտեղ ընդհանրապես ռուս խաղաղապահներ չկան, թեեւ ձեւաչափն այդպիսին է։

Եթե խոսենք սահմանների սահմանազատումից եւ սահմանագծումից, ապա ռուսներն ավելի լավ գիտեն դրանց մասին։ Արեւմուտքը պատրաստ չէ դա տեսնել»,- եզրափակեց քաղաքագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ