
ՀՀ կառավարության այսօրվա՝ հունվարի 26-ի նիստի օրակարգից հանվել է 2022թ. օգոստոսի 26-ին ստորագրված «ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀԱՊԿ կանոնադրության փոփոխված տեքստը միտված է կազմակերպության ընթացակարգերի բարելավմանը, այն չի հակասում ՀՀ օրենքներին ու Սահմանադրությանը։
Նշենք, որ արձանագրության համաձայն՝ փոփոխության են ենթարկվում ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ և 17-րդ հոդվածները։
Դրանցից առաջինով առաջարկվում է ավելացնել «կենսաբանական անվտանգություն» արտահայտությունը, իսկ երկրորդ հոդվածում նախատեսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դրույթ։ Առաջարկվող նորմով լիազորությունների դադարեցման որոշումը պետք է կայացնի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը։
Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր այն բանից հետո, երբ 2018թ–ին ՀՀ–ն հետ էր կանչել Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, և նման դեպքերի կարգավորման բացակայության պատճառով այդ պաշտոնը 1.5 տարի թափուր էր մնացել։
Կենսաբանական անվտանգության բնագավառում ՀԱՊԿ համագործակցության անհրաժեշտությունն էլ բխում է համաշխարհային նոր մարտահրավերներից։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունն ընդունվել է 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, որից հետո 3 անգամ փոփոխվել է։
4-րդ փոփոխության արձանագրությունն անդամ երկրները ստորագրել են 2022 թվականի օգոստոսի 26-ին։