News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արայիկ հակոբյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ անդրադառնում է ինքնակամ շինարարության խնդրին:

Նամակում ասվում է. «Մեծարգո՛ պարոն վրչապետ,

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշումն ընդունվել է 23.03.2023 թվականին կայացած ՀՀ Կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում։

Տեղեկացնում ենք, որ «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» հասարակական կազմակերպությունը, դեռևս նախորդ տարի, իր մտահոգություններն էր ներկայացրել վերոնշյալ որոշման նախագծի վերաբերյալ։

Մեր աշխատանքի (մասնագիտական խորհրդատվական ծառայությունների մատուցման) էությունից ելնելով, ամենօրյա շփում ունենալով մեր հայրենակիցների հետ, կարող ենք փաստել մի պարզ ճշմարտություն, այն է. «քաղաքացիների կողմից ինքնակամ շինարարության իրականացման գլխավոր դրդապատճառը՝ քաղաքաշինական գործընթացների, հողերի նպատակային նշանակության փոփոխման բարդ, խճճված և բյուրոկրատական ընթացակարգերն են»։

Մեծարգո պարոն Փաշինյան, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ վիճահարույց դրույթների վրա, որոնց հիմքը վերոնշյալ որոշման վերջին փոփոխություններն ու լրացումներն են.

Որոշմամբ չափագրողից պահանջվում է եզրակացություն առանց հստակեցնելու այդ եզրակացության ձևը, բովանդակությունը։ Ավելին, ըստ գործող իրավակարգավորումների չափագրող անձիք իրավասու են կատարելու հողամասերի փաստացի վիճակի հանութագրում և շենքերի, շինությունների չափագրում, այլ ոչ թե մասնակից և պատասխանատու լինել կառուցվող շինության շահագործման հանձնման գործընթացին, քանի որ վերջինս հանդիսանում է շինարարական խնդիր։

Որոշումը պարունակում է պահանջներ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նորմերի սահմանման վերաբերյալ, մինչդեռ այն ամբողջությամբ կարգավորվում է և պետք է կարգավորվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով։

Նախագծով կառուցված շենքը, շինությունը ոչ էական շեղումներով կառուցված լինելու չափորոշիչները հիմնազուրկ են և չեն լուծում ոլորտի առջև ծառացած խնդիրները։

Ներդրվում է քաղաքաշինական կանոնադրության նոր ինստիտուտ։ Մինչդեռ ամենօրյա ռեժիմով աշխատանքի ընթացքում մենք առնչվում ենք «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով ամրագրված գլխավոր հատակագծերի «փաստացի չաշխատելու» խնդրին։ Ավելին, գլխավոր հատակագծերը, հանդիսանալով համայնքների վարչական տարածքներում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթղթեր, մշտապես ենթարկվում են փոփոխությունների, ինչը խոսում է կա՛մ այդ փաստաթղթերի թերի լինելու մասին, կա՛մ այդ փաստաթղթիերի չաշխատելու, կա՛մ առնվազն ոչ արդյունավետ աշխատելու մասին։

Հարգելի պարոն Փաշինյան, վերոնշյալ հարցերն իրենց մեջ պարունակում են մեծ ռիսկեր, այդ թվում՝ կոռուպցիոն։ Հետևաբար, մեր կոչն ու խնդրանքն է Ձեզ՝ անհաղորդ չլինել բարձրացված խնդիրներին և հանձնարարել պատասխանատու անձանց, ըստ էության, քննարկելու և վերանայելու առկա իրավակարգավորումները։

Միևնույն ժամանակ պատրաստակամ ենք մասնակցել օր առաջ փոփոխման ենթակա իրավական ակտերի մշակման գործընթացին, քննարկումներին և այլն, որոնք կհեշտացնեն և կպարզեցնեն ինչպես կառուցապատման, այնպես էլ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման գործընթացները։

Տպել
Ամենաշատ