News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը կիրակի առավոտյան հանրահավաք է հրավիրել արեւելյան Լահոր քաղաքում՝ ներկայացնելով երկրի տնտեսությունը վերականգնելու իր գաղափարները եւ մեղադրելով կառավարությանը՝ օգնության ծրագիր չունենալու համար, հաղորդում է Associated Press-ը:

Արժույթի միջազգային հիմնադրամը հետաձգել է 6 միլիարդ դոլարի օգնությունը, քանի որ Պակիստանը չի կատարել 2019 թվականի գործարքի պայմանները: Կառավարությունն այս ձախողման մեղքը բարդում է Խանի վրա, ով դարձել է ընդդիմության առաջնորդը։

Խանը՝ կանգնելով զրահապատ կառույցի մեջ, որը տեղադրված է եղել բեռնափոխադրող կոնտեյների վրա, դիմել է Լահորում իր կուսակցության հազարավոր աջակիցներին:

«Մեզ պետք է օպերացիա այս երկրում կառավարման համակարգը շտկելու համար, ինչի համար օրենքի գերակայությունը նախապայման է», - ասել է նա․ «Ընթացիկ հաշվի դեֆիցիտը նվազեցնելու համար մենք պետք է խրախուսենք մեր սփյուռքին՝ ներդրումներ կատարել երկրում»:

Խանի ծրագիրը նպատակ ունի ավելացնել եկամուտը արտարժույթի եւ ներդրումների միջոցով, ընդլայնել հարկային ցանցը եւ փողերի լվացման դեմ պայքարի նախաձեռնությունները:

Նա նաեւ ներկայացրել է գյուղատնտեսության, զբոսաշրջության, բնակարանային ֆինանսավորման ծրագրի, առողջապահական քարտերի ծրագրի եւ փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված քայլերը։

Խանը ասել է, որ պակիստանցիների օտարերկրյա ուղղակի ներդրումները արտերկրում կօգնեն երկրին խուսափել ԱՄՀ-ի օգնության ծրագրերից: Նա ասել է, որ ԱՄՆ-ում գտնվող 18 հազար պակիստանցի ամերիկացիները արժեն 200 միլիարդ դոլար, իսկ 10 լավագույն պակիստանցի ամերիկացի գործարարները՝ 25 միլիարդ դոլար:

Խանի խոսքով, Պակիստանի տնտեսությանը վնասող հիմնական խնդիրներն են արտաքին պարտքը, ընթացիկ հաշվի դեֆիցիտը, արտահանման կրճատումը, ռուփիի վրա ճնշումը եւ հարկերից խուսափելը:

Տեղի իշխանությունները Խանին նախազգուշացրել են հնարավոր ահաբեկչության մասին։ Զեկույցում ասվում է, որ արգելված խմբի զինյալները հասել են Լահոր եւ կարող են թիրախավորել հասարակական հավաքը կամ այնտեղ տեղակայված անվտանգության անձնակազմին:

70-ամյա քաղաքական գործիչը, ով անցած ապրիլին անվստահության քվե ստանալով հեռացվել էր վարչապետի պաշտոնից, կառավարությանը մեղադրում է իր դեմ իրականացված «ռեժիմի փոփոխության գործողության» մաս լինելու հարցում։ Կառավարությունը հերքում է այս պնդումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ