News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի է, որ Ադրբեջանը եւ Իսրայելը վերջին ժամանակներս ակտիվացրել են հարաբերությունները, Բաքվի դեսպան է նշանակվել Իսրայելում, տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այցը հրեական պետություն։ Դա խիստ դժգոհություն է առաջացրել Իրանում։

Այս համատեքստում Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանին մենք հարցրինք այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն Երեւանի եւ Թել Ավիվի հարաբերությունները։

«Մենք ցանկացած պարագայում պետք է կառուցենք նորմալ հարաբերություններ երկրների հետ։ Մենք պետք է Իսրայելի հետ կառուցենք այդ հարաբերություններն՝ ի բարօրություն մեզ, ելնելով մեր շահերից։ Դա հնարավոր է անել, պետք է շփումներ հաստատել։ Մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք եւ նայենք, թե ինչպես է Իսրայելը կապեր հաստատում եւ լավ հարաբերություններ կառուցում Ադրբեջանի հետ... նավթի գործոն եւ այլն։ Այդպես չպետք է լինի։ Կան մարդկային հարաբերություններ, կան պետություններ, կան հասարակություններ՝ հաշվի առնելով այն, որ մենք պատմականորեն ընդհանուր շատ բան ունենք»,- նշել է դիվանագետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

Նա անթույլատրելի է համարում այդ հանգամանքից չօգտվելը։

«Ես եղել եմ դեսպան Իսրայելում եւ կարող եմ ասել, որ կարելի է կապեր հաստատել մարդկանց հետ՝ հաշվի առնելով մեր ցանկությունները, զարգացնել հարաբերություններ, բնականաբար՝ մեկս մյուսի համար հակասություններ չստեղծելով։

Հասկանալի է, որ դա Իրանին կարող է այնքան էլ դուր չգալ, բայց իսլամական հանրապետությունում պետք է հասկանան, որ Իսրայելում ապրում են հայեր, որոնք մեր կարիքն ունեն։ Մենք առաջին հերթին սա ենք ցանկանում՝ պահպանել հայությունը։ Մենք պետք է  այդ մասին մտածենք։ Այնտեղ  գտնվում են հայեր, որոնք որեւէ կարգավիճակ չունեն։ Այնտեղ կան շատ հայեր, որոնք Հայաստանի օգտին գործունեություն են ծավալել եւ Հայաստանի կարիքն ունեն»,- ավելացրել է Սմբատյանը։

Նրա գնահատմամբ՝ Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր երկրներին միայն օգուտ կբերի։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ