News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայկական կինոն 2023 թվականին տոնում է հիմնադրման 100-ամյակը: Այս առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հոբելյանական տարվան ընդառաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը,

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:

Հայ կինոյի 100-ամյակի միջոցառումներն ընդգրկում են ՀՀ բոլոր մարզերը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը շնորհավորել է կինոյի ոլորտի ներկայացուցիչներին ու կինոսերներին նշանակալի հոբելյանի կապակցությամբ՝ նշելով, որ հայ կինոյի 100-ամյակի համատեքստում նշանավորվում է նաև անիմացիոն արվեստի 85-ամյակը:

«Կինոն միայն արվեստ չէ, այն անգերազանցելի լծակ է երկրի միջազգայնացման և փափուկ ուժի կիրառման տեսանկյունից: Այս գիտակցումից է, որ հոբելյանական տարեթիվը դիտվում է որպես և՛ անցյալը վերաիմաստավորելու, և՛ ներկայի խնդիրները մեղմացնելու, և՛ ապագան կանխանշելու փայլուն առիթ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ հայ կինոյի 100-ամյակի համատեքստում զգալիորեն ավելացվել է կինոարտադրությանը և կինոժառանգության պահպանությանն ուղղված պետական բյուջեն. «2023 թ. կինոնկարների արտադրության բյուջեն աճել է 70 տոկոսով՝ դառնալով 478 մլն դրամ, իսկ կինոժառանգության պահպանության հատկացումները՝ 90 տոկոսով՝ կազմելով 93 մլն դրամ: Հոբելյանական ծրագրերին, ընդհանուր առմամբ, հատկացված է շուրջ 1 մլրդ դրամ»:

Հաստատված ծրագրում նախատեսված են կինոփառատոններ, կրթական ուղղվածության միջոցառումներ, որոնք, ինչպես ընդգծել է Արա Խզմալյանը, կենտրոնացված չեն միայն մայրաքաղաքում. ընդգրկված են բոլոր համայնքները:

Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2022-2023 թթ. օրացույցում: Այս շրջանակում Հայաստանում կկազմակերպվի միջազգային գիտաժողով:

Ապրիլի 16-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական «Հանդիսավոր երեկո» մեկնարկային միջոցառումը, և առաջին անգամ հանրությանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» համր ֆիլմի վերականգնված տարբերակից հատված:

Արա Խզմալյանն անդրադարձել է նաև հրատարակչական շարունակական ծրագրերին՝ դրանք գնահատելով որպես ազգային արժեքների միջազգայնացման և հանրահռչակման կարևոր ուղղություն: Ընդգծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով հրատարակված «Համո Բեկնազարյան» եռալեզու պատկերագրքի ազգային արժեքը:

Ներկայացնելով մեր կինոն՝ ներկայացնում ենք նաև մեր երկիրը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն անդրադարձել է հայկական կինոյի մերօրյա ձեռքբերումներին՝ միջազգային կինոփառատոնների մասնակցությունից մինչև տարբեր մրցանակներ: Նա շնորհակալություն է հայտնել կինոգործիչներին այն աշխատանքի համար, ինչի շնորհիվ հայկական կինոն ներկայանում է միջազգային լուրջ հաթակներում:

«Մենք սկսեցինք շոշափելի արդյունքների հասնել՝ փոխելով պետական ֆինանսական աջակցության համակարգը. ընդամենը ընդունեցինք միջազգային ձևաչափը, որով աշխատում է ամբողջ աշխարհը: Այսօր պետությունը՝ ի դեմս կինոկենտրոնի, հանդես է գալիս որպես պետական ֆինանսավորող կառույց: Սրա շնորհիվ մեր կինոարտադրողը սկսեց ակտիվանալ, կարողացավ իսկապես համատեղ արտադրություն ստեղծել տարբեր երկրների հետ: Ներկայացնելով մեր կինոն՝ մենք ներկայացնում ենք նաև մեր երկիրը»,- ասել է Շուշանիկ Միրզախանյանը: Նա անդրադարձել է նաև կինոժառանգության պահպանության աշխատանքներին. «Հատկացված գումարով նախատեսում ենք վերականգնել 25 ֆիլմ՝ և՛ լիամետրաժ, և՛ անիմացիոն, և՛ վավերագրական: Այս պահին վերականգնվում է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը, որը ներկայացվելու է Կաննի միջազգային կինոփառատոնին: Վերականգնվող ֆիլմերի պրեմիերաներ կլինեն նաև Հայաստանում, շուրջ 100 ֆիլմ ցուցադրվելու է մարզերում, նախատեսվում են ֆիլմերի նոր և հին պաստառների ցուցահանդեսներ՝ երիտասարդ նկարիչների հեղինակությամբ»:

Շուշանիկ Միրզախանյանի հավաստմամբ՝ դպրոցականներին հայ կինոյին առնչելու նպատակով իրականացվում են կրթական ծրագրեր. հուշագրեր են կնքվել «Այբ» դպրոցի, «Թումոյի», Գեղագիտական ազգային կենտրոնի հետ: «Երեխաները մեր ապագա կինոգործիչներն են ու հանդիսատեսը»,- եզրափակել է Միրզախանյանը:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն էլ իրազեկել է, որ իրականացվում են կրթական տարբեր ծրագրեր, նախատեսվում է բացել կինոդպրոց, իսկ «Կինոուսուցիչ» ծրագիրը հանրային մեծ հետաքրքություն է վայելում:

Նշենք, որ ասուլիսի շրջանակում կինոյի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար մի շարք կինոգործիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանակոչվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով
Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել...
Մահացել է Անուկ Էմեն
1966 թվականին Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմում սիրահարված այրու դերը նրան բերեց Օսկարի նոմինացիա, «Ոսկե գլոբուս»՝ լավագույն դերասանուհու անվանակարգում և մուտք՝ Հոլիվուդ...
«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ
Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները…
Որևէ սերիալ արտադրելու համար գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը. Արա Շիրինյան
«Հանրայինի պարտավորությունները ֆիքսված են թե՛ «Հանրային հեռարձակողի մասին» օրենքով, թե՛ տարբեր որոշումներով Հանրայինն ունի բազմաթիվ…
Ռուսական Okko օնլայն-կինոթատրոնում տեղի կունենա Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա’21» քաղաքական դետեկտիվի պրեմիերան
Պրեմիերա օնլայն-կինոթատրոնում...
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
Ամենաշատ