News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


2022 թվականի արդյունքներով` Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշով ՀՀ-ն, ինչպես նախորդ օրը պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, 4-րդն է աշխարհում:

«2022 թվականին 2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով», - գրել է նա՝ կից հրապարակելով ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի ընթացքում ունեցած ելույթի տեսանյութը։

«2018 թվականի համեմատ՝ 1․8 մլրդ դոլարով և 53 տոկոսով, ինչը նույնպես շատ կարևոր ցուցանիշ է։ 2022 թվականի դեկտեմբերին մենք արձանագրել ենք գնացված աշխատատեղերի պատմական ամենաբարձր ցուցանիշը ՀՀ-ում․ 704 հազար աշխատատեղ է արձանագրվել։ 2022 թվականի արդյունքներով՝ մենք ունենք 13 տոկոս գործազրկություն, ինչը վերջին տասնամյակի համար էականորեն ցածր ցուցանիշ է, երրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է հասնելով 11,6 տոկոսի»,- ասել է նա։

Նիստին մասնակցում են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, վերոնշյալ խորհրդի փոխնախագահ, «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանը, «Հայկական տնտեսագիտական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Ասլանյանը, Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անդամ Զարեհ Ասատրյանը, ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը, ՌԴ տնտեսական դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Ասրիյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք։

Մանրամասները՝ տեսանյությում։

Տպել
Ամենաշատ