News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի նախապայմանները սկզբում երեքն էին, հետո դարձան չորսը, հիմա էլ հինգն են. դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ գնալով ավելի կոշտ է դառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նշենք, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը երրորդ ուղղությամբ շարժվող հայկական թռիչքների համար՝ ի պատասխան անցյալ շաբաթ Երեւանում «Նեմեսիս» հուշարձանի բացման:

«Հայաստանն իր գոյության առաջին օրվանից հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, այժմ էլ դա շարունակվում է: Թուրքիան երբ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, հայտարարեց, որ Հայաստանին ճանաչում է որպես անկախ պետություն, բայց չի հաստատում դիվանագիտական հարաբերություններ, որովհետեւ կան խնդիրներ, որոնք պետք է պարզաբանվեն: Այդ խնդիրները Թուրքիայի նախապայմաններն են, որոնք տասնամյակներ շարունակ դնում է: Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ գնալով ավելի կոշտ է դառնում: Թուրքիայի կողմից այս քաղաքականությունն անընդունելի է»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հարցին՝ արդյո՞ք սա չի հաստատում այն կասկածները, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան որպես նախապայման է դրել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, թուրքագետն ասաց. «Եթե մենք հաշվի ենք առնում այն, ինչ տասնամյակներ շարունակ Թուրքիայից լսում ենք, ապա հասկանալի է, որ Թուրքիայի համար Հայաստանի կողմից որպես պատմական փաստ ցեղասպանության ուրացումը, կարեւոր խնդիր է, որը Թուրքիան իր առջեւ դրել է: Ներկայումս Թուրքիան ոչ միայն կդնի հարց, որ Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, այլ նաեւ այն, որ Հայաստանը համաձայնվի ստեղծել այսպես կոչված՝ պատմաբանների հանձնաժողով, որը պետք է քննարկի՝ Հայոց Ցեղասպանությունը եղե՞լ է, թե՞ ոչ. սա էլ է մեզ համար անընդունելի»:

Հարցին՝ ի՞նչ նախապայմաններով է Թուրքիան պատրաստ գնալ հարաբերությունների կարգավորման, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց. «Այն է, Հայաստանը ընդունի Ադրբեջանի մոտեցումը Արցախի հիմնահարցի վերաբերյալ եւ հրաժարվի պաշտպանել Արցախի ժողովուրդի իրավունքները, Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, եւ համաձայնվի ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը քննի՝ եղել է Ցեղասպանությունը, թե՝ ոչ, երրորդը՝ Հայաստանը պաշտոնապես վերահաստատի Կարսի պայմանագիրը, եւ դրանց ավելացել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը, հիմա էլ արձանի խնդիրն է»:

Անդրադառնալով այն հարցին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Վաշինգտոն է մեկնել նաեւ Ռուբեն Ռուբինյանը, որը հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի անունից բանագնացն է, արդյո՞ք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում է քննարկվելու նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, եւ դրանք լինելու են փոխկապակցված, թուրքագետն ասաց.

«Այդ եռակողմ եւ երկկողմ հանդիպումներում, որոնք տեղի են ունենում Վաշինգտոնում, Թուրքիայի ներկայացուցիչ չկա: Երկրորդ հանգամանքն այն է, որ ԱՄՆ-ն ի սկզբանե՝ 1992 թվականից սկսած հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն:

Մինչեւ հիմա հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու 3 փորձ է եղել, այժմ 4-րդն է: Այդ երեք փորձից 2-ը տեղի են ունեցել ամերիկացիների միջնորդությամբ, որոնք արդյունք չեն տվել: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն ի վրա միջնորդություն վերցնի, որովհետեւ գործընթացում Թուրքիան հանդես է գալիս առանց որեւիցե միջնորդի: Երրորդն այն է, որ, այո, ԱՄՆ-ն շարունակում է մնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կողմնակից եւ ինչով կարող են, կփորձեն աջակցել: Գուցե ԱՄՆ-ի համար կարեւոր էր ուղղակի հենց Հայաստանի կողմից բանագնացից ստանալ ինֆորմացիա, թե ինչ վիճակում է հայ-թուրքական բանակցությունները: Կարծում եմ՝ Թուրքիան դեմ կլինի, որ ԱՄՆ-ն միջնորդի դեր ստանձնի: Չորրորդ հանգամանքն էլ այն է, որ եթե Թուրքիայի ընտրություններում հաղթի ընդդիմությունը, Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցությունների առումով մի քիչ ավելի փափուկ կլինի: Թուրքիան, իհարկե, չի հրաժարվի իր սկզբունքային դիրքորոշումից Հայաստանի հետ հարաբերություններում: Հայաստանը պետք է գին վճարի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Նախապայմանները կամ պահանջները, որոնք դնում է Թուրքիան, դա էլ այդ գինը»:

Հիշեցնենք, որ Թուրքիան Հայաստանի համար օդային տարածքը փակել է՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծելու նպատակով «Նեմեսիս» գործողությունն իրականացրած հայ վրիժառուների հուշարձանը կանգնեցնելուն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով հայկական ինքնաթիռների՝ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա չվերթների արգելմանը:

Չավուշօղլուն ասել է, թե նման հուշարձանի տեղադրումն իրենց համար կտրականապես անընդունելի է, եւ եթե անհրաժեշտ լինի, Անկարան լրացուցիչ քայլերի կդիմի: Oրեր առաջ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե հուշարձանի տեղադրումը կարող է խանգարել հարաբերությունների կարգավորման գործընթացին: Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ առաջիկայում միայն Հայաստանի ազգային ժողովի նախագահը կայցելի Անկարա՝ որպես բացառություն:

Ազգային ժողովի խոսնակը մեզ հետ զրույցում հայտնել է, որ Ալեն Սիմոնյանը մեկնելու է Թուրքիա՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որի ընթացքում երկկողմ հանդիպում է ունենալու նաեւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ:

Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Ավիաընկերությունը նախօրեին չեղարկել է Երեւան- Փարիզ-Երեւան չվերթը: Ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ 80 ուղեւոր Երեւանից չի կարողացել թռչել Փարիզ։ Ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ուղեւորների կրած վնասները փոխհատուցելու ուղղությամբ:

Նշենք, որ Թուրքիան արգելել է միայն տարանցիկ չվերթները՝ Երեւան-Ստամբուլ ուղիղ թռիչքները ներկա պահին արգելված չեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ