
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, անվտանգության ոլորտում իրականացվող քայլերին, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, «իԳործ» ծրագրի շրջանակում եւ այլ ծրագրերով Սփյուռքի մասնագետներին ՀՀ պետական կառավարման համակարգում ներգրավման հնարավորություններին, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի եւ այլ ոլորտներին: Վարչապետ Փաշինյանը Պրահայում ծաղիկներ է խոնարհել Սուրբ Յինդրիխի եւ Կունհուտի եկեղեցու պուրակում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ:
Այցի շրջանակում վարչապետը Պրահայում այցելել է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի տարածաշրջանային գլխամաս: Տնօրեն Ջեյմի Ֆլայի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռադիոկայանի հայկական ծառայությանը: