
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ 2005 թվականից աշխարհում առնվազն 120 հազար երեխա հաշմանդամ է դարձել կամ սպանվել է հակամարտությունների ժամանակ: Սա համապատասխանում է օրական 20 երեխայի, հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը երկուշաբթի՝ հունիսի 5-ին՝ Օսլոյում զինված հակամարտությունների ժամանակ երեխաների պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի մեկնարկի օրը։
«Ի վերջո, ամեն մի պատերազմ երեխաների դեմ պատերազմ է», -ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը մինչ օրս քայլեր չի ձեռնարկում պատերազմի պայմաններում երեխաներին պաշտպանելու գործում, թեեւ գիտի, ինչպես է պետք դա անել։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը տվյալներ է հավաքել Աֆրիկայում, Ասիայում եւ Լատինական Ամերիկայում ավելի քան 30 հակամարտությունների վերաբերյալ: Այս ճգնաժամերի ընթացքում արձանագրվել է երեխաների իրավունքների 315 լուրջ խախտում։ Մասնավորապես, առնվազն 105 հազար երեխա հակամարտություններում օգտագործվել է որպես զինվոր, ավելի քան 16 հազար աղջիկ եւ տղա ենթարկվել է սեռական բռնության, ավելի քան 32,5 հազարը առեւանգվել է հակամարտող կողմերի ներկայացուցիչների կողմից։ Միեւնույն ժամանակ, տուժած երեխաների իրական թիվը շատ ավելի մեծ է, հավելել է կազմակերպությունը։ Բացի այդ, ՄԱԿ-ը գրանցել է դպրոցների եւ հիվանդանոցների վրա հարձակումների ավելի քան 16 հազար դեպք։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը միջազգային հանրությանը կոչ է արել հետեւել պատերազմի ժամանակ երեխաների պաշտպանության վերաբերյալ գործող միջազգային օրենքներին եւ նորմերին։ Անհրաժեշտ է արգելել պայթուցիկ զենքի օգտագործումը բնակելի թաղամասերում, կոչ է արել կազմակերպությունը։ Երեխաների դեմ հանցագործությունների համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Բացի այդ, անհրաժեշտ ֆինանսական միջոցներ պետք է հատկացվեն երեխաների պաշտպանությանն ուղղված քայլերի համար։