News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

2023 թվականի երկրորդ եռամսյակում գրանցվել է ԶԼՄ-ների և դրանց ներկայացուցիչների նկատմամբ տարատեսակ ճնշումների 18, տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտման 24 և ֆիզիկական բռնության ոչ մի դեպք։ Այս մասին ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցում:

Դիտարկվող ժամանակաշրջանի հենց սկզբից նկատվել է ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական հայցերի մեծ հոսք։ Եթե առաջին եռամսյակում գրանցվել էր այդպիսի 8 նոր գործ, ապա երկրորդում դրանց թիվը հասել է 16-ի։

Ներկայացված դատական հայցերի մեծամասնությունը՝ 11-ը, պաշտոնյաների կամ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից են, իսկ 5-ը՝ գործարար շրջանակներից։ Որպես կանոն, անտեսվում են տեղեկատվական վեճերը արտադատական մեխանիզմներով լուծելու հնարավորությունները, ինչը վկայում է, որ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները հաճախ նպատակ են հետապնդում ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա, «հաշիվ մաքրել» նրանց հետ։ Դրա ցցուն օրինակներից է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դատական գործընթացը, երբ դատարանը բավարարեց վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված առավելագույն փոխհատուցման՝ 9 միլիոն դրամի չափով հայցի ապահովում կիրառելու հայցվորի պահանջը, և արգելանք դրվեց պատասխանողների բանկային հաշիվների վրա։ Այս առնչությամբ լրագրողական 11 կազմակերպություններ մայիսի 12-ին հանդես եկան հայտարարությամբ, ինչին հետևեց դատարանի կողմից այդ որոշման վերանայումն ու բանկային հաշիվների վրայից կալանքի վերացումը։

Եռամսյակի ընթացքում արձանագրվել է նաև 2 դեպք, երբ խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը կամ դրսևորվել անբարեհաճ, անհարգալից վերաբերմունք։

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ եռամսյակի ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքեր չեն գրանցվել, ինչը մեծապես պայմանավորված է երկրում հասարակական-քաղաքական մթնոլորտի հարաբերական անդորրով։

Մտահոգիչ են մնում տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումները։ Հատկապես, երբ պետական մարմինները երկակի մոտեցումներ են ցուցաբերում այս կամ այն տեղեկությունը տրամադրելիս, անհարկի մերժում կամ ձգձգում են պատասխանները կամ տալիս են «լղոզված» պատասխաններ, որոնք չեն համապատասխանում հարցումների էությանը։ Նման գործելաոճով հաճախ աչքի են ընկնում Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունները, այն դեպքում, երբ ներկայումս հասարակությանն ամենաշատը հուզում են երկրի անվտանգային հարցերը։ Սա մի կողմից լրացուցիչ բարդություններ է ստեղծում լրատվամիջոցների համար, մյուս կողմից հանգեցնում է ոչ ճշգրիտ տեղեկությունների տարածմանը։ Հատկապես զավեշտալի է, երբ գերատեսչությունները 5-օրյա ժամկետի փոխարեն 30 օր են պահանջում պատասխանի համար, իսկ հետո մերժում են՝ հղում անելով պետական գաղտնիքի հանգամանքին։             

Ստորև ներկայացնում ենք 2023 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների տվյալները՝ արձանագրված խախտումների դասակարգմամբ։   

363760646_686661456836870_9009198357651110560_n44.jpg (100 KB) 

Միջազգային կառույցները դիտարկվող ժամանակահատվածում հրապարակել են իրենց տարեկան զեկույցները, այդ թվում նաև խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության վերաբերյալ։ Այսպես, «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը «Մամուլի ազատության ինդեքս 2023»-ում Հայաստանը 180 երկրների մեջ դասել է «բավական լավ» իրավիճակ ունեցողների շարքին՝ 49-րդ տեղում, նախորդ տարվա 51-րդ հորիզոնականի դիմաց։ Այդուհանդերձ, զեկույցում նշվել է, որ հայաստանյան մամուլը շարունակում է մնալ բևեռացված, իսկ մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը։

Ըստ Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI, International Republican Institute)՝ մայիսի 1-ին հրապարակած հասարակական կարծիքի հետազոտության, որն անցկացվել է 2023թ․ հունվար-մարտ ամիսներին և վերաբերում է Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի անկախության թեմաներին, երկրում այդ ազատությունը նվազել է։ Հարցման մասնակցածների 43%-ը կարծում է, որ լրատվամիջոցները ազատ չեն տարբեր քաղաքական տեսակետներ արտահայտելու հարցում։

Մեկ այլ՝ «Freedom House» միջազգային կազմակերպության 2023 թվականի զեկույցում Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 2022-ի 2,75 միավորի դիմաց այս տարի ստացել է 3,00 միավոր։ Զեկույցը կարևորել է ՀԿ սեկտորի դերը հատկապես խնդրահարույց օրենսդրական փոփոխությունների դեմ արդյունավետ պայքարի հարցում։

Եռամսյակի վերջին եթեր վերադարձավ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, որը հաղթող չէր համարվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարած՝ հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի համար լիցենզավորման վերջին մրցույթում։ Այս վերադարձը հնարավոր դարձավ  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ս. թ. մարտին իրականացված փոփոխության շնորհիվ, որով սահմանվեց, որ եթե հեռարձակողը ունի վերգետնյա հեռարձակման լիցենզիա և եթե լիցենզավորման վերջին մրցույթի արդյունքները  դատարանը ճանաչել է անվավեր, ապա հեռարձակողը շարունակում է օգտագործել սլոթը, մինչև այդ սլոթի համար նոր մրցույթի արդյունքների ամփոփումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդիկ կորցնում են հետաքրքրությունը լուրերի նկատմամբ. հետազոտություն
47 երկրներում հունվար-փետրվարին անցկացված հարցման արդյունքներով՝ տասը հարցվածներից չորսը (39%) միտումնավոր խուսափում են լուրեր դիտելուց...
Լրագրողների նկատմամբ ուժի կիրառումն անընդունելի է. անաչառ հետաքննել հունիսի 12-ի դեպքերը. Մամուլի միջազգային ինստիտուտ
Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանում գործող մամուլի ազատության ինը կազմակերպություն, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը և Խոսքի ազատության…
ՄԻԵԴ-ը Ադրբեջանում մի շարք ԶԼՄ-ների արգելափակումը Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի խախտում է ճանաչել
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը յուրաքանչյուր դիմողի 6000 եվրո փոխհատուցում վճարել։
Բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել լրագրողների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր. հայտարարություն
Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների ու օպերատորների իրավունքների...
Դատապարտում ենք ոստիկանների կողմից լրագրողների և օպերատորների դեմ ոչնչով չարդարացված ուժի կիրառումը. հայտարարություն
Լրագրողական մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ...
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչով դիմում ՆԳՆ-ին եւ ՔԿ-ին
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով խաղաղ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ