
Հայ կինոյի 100 եւ Հայկական անիմացիայի 85-ամյակների շրջանակում նախատեսվում է թվայնացնել եւ վերականգնել 32 ֆիլմ՝ 5 լիամետրաժ խաղարկային, 10 վավերագրական եւ 17 անիմացիոն կարճամետրաժ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍ-ից։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ի սկզբանե 2023 թ.-ի բյուջեով հաստատվել էր 6 ֆիլմի (2 լիամետրաժ խաղարկային, 4 վավերագրական) թվայնացման եւ վերականգնման աշխատանքների իրականացումը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 93.529.6 հազ. ՀՀ դրամ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների բանակցությունների արդյունքում ՀՀ-ին առաջարկվել է ֆիլմերի թվայնացման եւ վերականգնման ծառայությունների մատուցման նվազեցված սակագներ: Միաժամանակ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Ֆ. Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» ֆիլմի թվայնացման եւ վերականգնաման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Նշված արդյունավետ համագործակցությունների արդյունքում կինոժառանգության պահպանման համար նախատեսված ծախսերի տնտեսում է կատարվել:
Կարեւորելով Հայ կինոյի 100 եւ Հայկական անիմացիայի 85-ամյակները, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ 2024թ-ին նշվելու են Սերգեյ Փարաջանովի, Շառլ Ազնավուրի եւ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանները եւ այդ շրջանակում միջազգային հեղինակավոր հարթակներում նախատեսված են հայկական կինոժառանգության ցուցադրություններ՝ որոշվել է թվայնացնել եւ վերականգնել ավելի մեծ թվով ֆիլմեր։
Այսպիսով՝ ՀՀ ԿԳՄՍՆ 2023 թվականի բյուջեով պլանավորված «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» միջոցառման շրջանակում հաստատված 6 ֆիլմի փոխարեն թվայնացվելու եւ վերականգնվելու է 32 ֆիլմ: