
ԱՄՆ պետդեպարտամենտը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Թեհրանի 6 մլրդ դոլարի ակտիվների ապասառեցումը չի հանգեցնի Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման։
«Մենք ոչ մի պատժամիջոց չենք հանել Իրանի դեմ, եւ Իրանը որեւէ պատժամիջոցային մեղմում չի ստանա»,- երկուշաբթի տեղեկացրել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։ Նա հաստատել է, որ անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թեհրանի հետ «հինգ գումարած հինգ» ձեւաչափով բանտարկյալների փոխանակման մասին պայմանավորվածության շրջանակում թույլատրել է Իրանի սառեցված ակտիվները Հարավային Կորեայից փոխանցել Կատար։ Այդ փողերը կօգտագործվեն հումանիտար նպատակներով։
«Ինչպես արդեն ավելի վաղ ասել էինք, այդ միջոցներն ուղիղ գծով Իրան չեն հասնի, եւ դրանց մեջ չկան [ամերիկացի] հարկատուների փողերը։ Հարավային Կորեայում պահվող միջոցները Իրանի միջոցներն են»,- ավելացրել են պետդեպարտամենտում՝ նշելով, որ Կատարի հաշիվներին դրանց փոխանցումից հետո Միացյալ Նահանգները կշարունակի «հետեւել, թե ինչպես եւ երբ են օգտագործվելու այդ փողերը»։
Սպիտակ տունն օգոստոսի 10-ին հաստատել էր, որ Թեհրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել բանտարկյալների փոխանակման մասին, սակայն կոչ էր արել սպասել համաքաղաքացիների վերադարձին իսլամական հանրապետությունից, որպեսզի վերջնականապես հայտարարի գործարքն ավարտելու մասին։ Օգոստոսի 21-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին տեղեկացրել էր, որ բանտարկյալների փոխանակման եւ իրանական ակտիվների փոխանցման մասին համաձայնագրերը կիրականացվեն երկու ամսվա ընթացքում։
Միջուկային գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն պատժամիջոցներ է մտցրել Թեհրանի դեմ՝ արգելելով նավթի ութ խոշոր ներմուծողների, այդ թվում Հարավային Կորեային, էներգառեսուրսներ գնել իսլամական հանրապետությունից։ Կորեան սառեցրել է իրանական նավթի ներմուծման վճարի համար նախատեսված միջոցները։