News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի հայտարարությանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ հանդիպման ժամանակ։

Միության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրությանը ապակողմնորոշելու վտանգավոր պրակտիկան։ Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Ադրբեջանը ներկայացնում է «համակեցության և վերադարձի  հստակ և թափանցիկ ծրագիր», և մեղադրել է Հայաստանին այդ ծրագիրը մերժելու մեջ։

Այս դիտարկումը պարունակում է առնվազն մի քանի անճշտություններ։ Նախ և առաջ մեծագույն կեղծիք է «համակեցության և վերադարձի  հստակ ու թափանցիկ» ծրագիրը, որի բոլոր բաղադրատարրերը իրականության մեջ այլ բովանդակություն ունեն։

Վերջին առնվազն երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար ապացուցել է հայ-ադրբեջանական ցանկացած համակեցություն բացառելու ձգտումը։ Այս են վկայում ինչպես պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի ամբողջական բռնի հայաթափումը, ինչպես հայկական ժառանգության յուրացումն ու ոչնչացումը, այնպես էլ քնած հայ սպայի կացնահարումը և հանցագործի ազգային հերոսացումը, դպրոցական դասագրերում հայատյացության աննախադեպ քարոզչությունը, և վերջապես այն ցեղասպան քաղաքական և ռազմական վարքը, որին ամբողջ աշխարհն ականատես եղավ 2020-2023 թթ․ ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ։

Նախագահ Ալիևի հիշատակած «հստակ և թափանցիկ» ծրագիրը ադրբեջանական իռեդենտիստական մաքսիմալիզմի ամենացցուն օրինակն է, որն ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքը համարում է ոչ միայն «Արևմտյան Ադրբեջան», այլև «ադրբեջանական հնագույն հայրենիք»։ Մենք խորապես ցավում ենք պատմական այն թյուր պատկերացումների համար, որոնք այսօր տիրում են Ադրբեջանում։ Ի հավելումն նշենք, որ Արևելյան Անդրկովկասի նկատմամբ «Ադրբեջան» եզրը կիրառվել է միայն 1918 թ․՝ փոխառնվելով իրանական Ատրպատականից։ Խորհուրդ ենք տալիս Ադրբեջանին երբեմն դուրս նայել սեփական պատմական ընկալումների պատյանից և ուսումնասիրել անտիկ և միջնադարյան հայ և օտարազգի պատմիչների աշխատությունները, «հնագույն» բառի բուն իմաստն ըմբռնելու համար։ 

Հայաստանի հասցեին հնչած մեղադրանքները նույնքան անհիմն են, որքան սեփական հանցանքները թաքցնելու փորձերը։ Տեղին է հարցնել Ադրբեջանի նախագահին՝ ուր են պատմական Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում դարերով բնակվող հայերը, որոնք 90-ականների բռնագաղթի ժամանակ կազմում էին կես միլիոնից ավել, ինչ ճակատագրի է արժանացել նրանց գույքը, ինչու են հետևողականորեն վերացվել Բաքվի հայկական հետքերը, որն էր Հին Ջուղայի գերեզմանատան նկատմամբ տեղի ունեցած հաշվեհարդարի նպատակը։

Մենք հիշեցնում ենք նախագահ Ալիևին, որ համակեցությունը ենթադրում է մարդու հիմնարար իրավունքների փոխադարձ հարգում և երաշխավորված անվտանգության ապահովում, որը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի հայատյացության վրա հիմնված պետական ներքին և արտաքին քաղաքական գծից, փաստացի ճանաչի և հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և քաղաքական ու պատմական հասունություն ցուցաբերի սեփական հանցանքների համար պատասխանատվություն կրելու»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խանդանյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի...
Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ցանկացած ընթերցողի կթվա, թե այս բառերն ասվել են ՀՀ գործող իշխանությունների մասին, սակայն սա ամերիկյան գործող վարչակարգի…
Պատմական փաստերը կեղծելու Բաքվի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում. ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածված լուրերը
Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ