Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարքի առաջնորդական տեղապահ, միտրոպոլիտ Գրիգորի Վոսկրեսենսկին հրապարակել է շրջաբերական նամակ, որում կոչ է արել հոգեւորականներին օպերատիվորեն ցուցումներ տալ ծխերի ղեկավարությանը, պատիարքարաններին եւ Մոսկվայի թեմի վանքերին տաճարների անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին։
«Մոսկվայի թեմի հոգեւորականներին կոչ է արվում հատուկ հովվական ուշադրություն դարձնել ահաբեկչությունում տուժածներին ու զոհվածների հարազատներին։ Զոհերի հոգեհանգիստների անցկացումը պետք է կատարել անվարձահատույց։
Բացի այդ, Մոսկվա քաղաքում բարձր հակաահաբեկչական պաշտպանվածության մակարդակ մտցնելու հետ կապված՝ դուք պետք է օպերատիվորեն ցուցումներ տաք ծխերի, պատրիարքարանների եւ Մոսկվայի թեմի վանքերի ղեկավարությանը տաճարների եւ ծխական կառույցների անվտանգության բարձր մակարդակի ապահովման անհրաժեշտության մասին, հատկապես տոնական պատարագների ժամանակ, որոնց մասնակցելու են մեծ թվով հավատացյալներ։
Անհրաժեշտ է ստուգել տաճարների ինժեներա-տեխնիկական ապահովվածությունը եւ որակյալ ֆիզիկական պաշտպանությունը, ինչպես նաեւ վերահսկել շենքերի եւ շինությունների հակահրդեհային պաշտպանության աշխատանքը։ Թերությունների բացահայտման դեպքում անհապաղ պետք է վերացնել դրանք։
Հարկ է օպերատիվ փոխգործակցություն պահպանել իրավապահ մարմինների հետ, արտակարգ իրավիճակների դեպքում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն հատուկ ծառայություններին ու ուժային կառույցներին»,- նշվել է, մասնավորապես, համայն Ռուսիո պատրիարքի առաջին տեղապահի նամակում։