News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱՕԿՍ–ի շենքը պետք չէ կոթողացնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին,  կռավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա դրական է գնահատում, որ Երևանի Աբովյան փողոցում գտնվող հայտնի ԱՕԿՍ–ի շենքը վերադարձվել է կառավարությանը, սակայն կարծում է, որ նրա դռները չպետք է փակ մնան. «Մենք պետք է շատ ինտենսիվ որոշում կայացնենք, որ գույքը սկսի ծառայել։ Ինչպես մասնավորը կարող է վերցնել ու ոչինչ չանել, նույն կերպ էլ կառավարությունը կարող է վերցնել ու չօգտագործել»,– նշեց նա։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն իր հերթին ասաց, որ ԱՕԿՍ–ի շենքը վարձակալության հանձնելու նախագիծն արդեն կառավարությունում է ու առաջիկայում կքննարկվի։ Նա նաև նշեց, որ գույքի շուկայական արժեքն արդեն գնահատված է։

Պատմամշակութային շենքերը վարձակալության հանձնելու գաղափարը Փաշինյանին դուր եկավ, և նա կոչ արեց այս հարցում օրթոդոքս չլինել. «Մենք աշխարհի ամենատարբեր երկրներում տեսնում ենք պատմամշակութային հուշարձաններ, որոնք տվյալ երկրին միլիարդավոր եկամուտներ են բերում։ Ուղղակի այստեղ պետք է մի քիչ ճկուն լինել. պետք չի ամեն ինչից կոթող ու տաճար սարքել. երբ այդ շենքը կառուցվել է, միգուցե ի սկզբանե այդտեղ պանդոկ կամ արհեստանոց է եղել։ Կոթողացման այս տրամաբանությանը պետք է ուշադիր լինել։ ՀՀ շատ պատմամշակութային կառուցներ պատմականորեն արձանագրված է, որ այդտեղ ախոռ է եղել, մտնում, տեսնում ես` պատերին մոմ է կպցրած, մոմ են վառել։ Ամեն հին չէ, որ տաճար է կամ կոթող է»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։

Վերադառնալով ԱՕԿՍ–ի շենքին` նա հռետորական հարց ուղղեց` եթե հիմա ՀՀ քաղաքացին իր երեխայի հետ գնա, մտնի այս շենք, նախաճաշի ու դուրս գա, դա սրբապղծությո՞ւն է։

«Բա մարդկանց համար չէ՞ դա։ Բացարձակապես բոլոր շենքերը մարդու համար են, այլ ոչ թե հակառակը։ Կոթողացման տրամաբանությունից պետք է դուրս գալ ու գնալ բնակեցման տրամաբանության. դա մարդկանց ապրելու համար է, այլ ոչ թե տառապելու կամ ճգնելու համար է։ Ասում են` դպրոցը կոթող է, այ ձեր ցավը տանեմ, դպրոցն ի՞նչ կոթող. դպրոցը մի տեղ է, որտեղ մարդն առաջին հերթին պետք է ապրի ու ապրել սովորի:

«Չգիտեմ՝ ինչ եք որոշել, բայց, եթե ՀՀ քաղաքացին իր երեխայի հետ գնա, մտնի ԱՕԿՍ-ի շենք, նախաճաշի ու դուրս գա, դա սրբապղծությո՞ւն է։ Բոլոր շենքերը մարդու համար են»,– համոզված է Փաշինյանը։

Ըստ նրա` նույն տրամաբանությամբ ասում են` ՀՀ կառավարության շենքը կոթող է, սակայն Թամանյանը այն կառուցել է, որ մենք բոլորս ապրենք։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ նշեց, որ  ԱՕԿՍ-ի շենքը պետք է դառնա պետությանը տնտեսական էֆեկտ առաջացնող անշարժ գույք. «Երկու պայմանով՝ պետությունից չօտարվի ու արտաքին տեսքը շատ չփոխվի»,- կառավարության նիստում ասաց նա։

Տպել
Ամենաշատ