News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հայկական «Ֆլայ Արնա» («Fly Arna») ավիաընկերության («Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ) աշխատակիցներն ահազանգում են, որ այս տարվա մարտից հետո, երբ իրենց ծանուցվել է ընկերության գործունեության դադարեցման մասին, աշխատավարձ չեն ստացել, թեև խոստացել են օրենսդրության համաձայն առաջիկա 2 ամսվա համար աշխատավարձ և արձակման նպաստ վճարել, գրում է «Հետքը»:

Ընկերության աշխատակիցը, որն, ինչպես իր մյուս գործընկերները, նախընտրում է անանուն մնալ, «Հետք»-ին պատմել է, որ այս տարվա մարտի 19-ին ընկերության էլ. փոստից աշխատակիցները էլեկտրոնային նամակներ են ստացել այն մասին, որ ընկերությունը դադարեցնում է գործունեությունը, և նշված օրվանից լուծվում է ընկերության ու աշխատակիցների մինչև կնքված աշխատանքային պայմանագիրը։

«Ծանուցման մեջ հղում է արվում ՀՀ Աշխատանքային օրենսգրքին, որի համաձայն՝ մենք պետք է վճարվենք մինչև մայիսի 19-ի համար, ինչպես նաև՝ արձակման նպաստ ստանանք։ Սակայն, մենք վճարվել ենք միայն մարտի համար։ Դրանից հետո իմացել ենք, որ ընկերության 49%-ի սեփականատեր «Էյր Արաբիա» ընկերությունը հրաժարվել է կառավարումից, որից հետո աշխատավարձերի վճարման կազմակերպման խնդիր է առաջացել, քանի որ չկա տնօրեն, որը կստորագրի դրա ներքո»,- պատմում է աշխատակիցներից մեկը։ «Ֆլայ Արնա»-ն հայ-արաբական համատեղ բիզնես ծրագրերից է։

«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պետական է։ Այն պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին, որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով։ Ֆոնդի շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում այս օրերին։ Մյուս  49%-ը պատկանում է արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ)» ՍՊԸ-ին, որը փոխկապակցված է «Էյր Արաբիա» («Air Arabia») ավիաընկերությանը։ «Ֆլայ Արնա»-ն կառավարող կազմակերպությունը «Էյր Արաբիա» ԲԲԸ-ն է։

Բաժնետոմսերի մնացած 2%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը ծնունդով Հալեպից է, գործարար։ «Ֆլայ Արնա»-ի սեփականատերերի մասին տեղեկությունները հրապարակված են պետական ռեգիստրում՝ ընկերության կանոնադրության մեջ։ Սակայն, ինչպես հայտնի է դարձել, «Ֆլայ Արնա»-ի սեփականատեր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը՝ ԱՆԻՖ-ը, դադարեցնում  է գործունեությունը, և ներկայում ընթանում են ընկերության լուծարման գործընթացի հետ կապված աշխատանքներ։

Կառավարության այսօրվա՝ մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված նախածերից մեկով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կառավարման լիազորությունը փոխանցվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ ԱՆԻՖ-ը հայտնվել է կոռուպցիոն գործարքների մեջ։ Աշխատակիցները կվճարվեն միայն, երբ «Ֆլայ Արնա»-ն տնօրեն ունենա

«Ֆլայ Արնա»-ի աշխատակիցների աշխատավարձերի խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Հետք»-ը երկու օր առաջ՝ մայիսի 21-ին, գրավոր դիմել է ինչպես ԱՆԻՖ-ին, այնպես էլ՝ Էկոնոմիկայի նախարարություն։

ԱՆԻՖ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ղազարյանը  վստահեցնում է, որ որպես «Ֆլայ Արնա»-ի բաժնետեր՝ ԱՆԻՖ-ն իր իրավասությունների սահմաններում քայլեր է ձեռնարկում, որ ընկերությունն ունենա տնօրեն, որից հետո հնարավոր կլինի վճարել աշխատակիցների աշխատավարձերը։

«Աշխատավարձերի ուշացումը պայմանավորված է «Ֆլայ Արնա» ավիաընկերության տնօրինության փոփոխությամբ»,- նշում է Ղազարյանը։

Ընկերությունից հետաքրքրվել էինք՝ կա՞ն վճարման նախանշված ժամկետներ։ Պատասխանել են,  որ աշխատավարձերի վճարման գործընթացը կսկսվի տնօրենի նշանակումից հետո։

ԱՆԻՖ-ից նաև հաստատում են, որ աշխատավարձերի ուշացման թեմայով «Ֆլայ Արնա»-ի աշխատակիցների հետ հանդիպումներ են տեղի ունեցել։

Ինչ վերաբերում է «Ֆլայ Արնա»-ի՝ «Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի լուծարման մասին տեղեկության հաստատմանը,  Տիգրան Ղազարյանը  միայն նշում է, որ ընկերության լուծարման մասին այս պահին որևէ որոշում առկա չէ։

Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը մինչև այս հոդվածի հրապարակումը չի արձագանքել մեր հարցմանը։ Մինչև այսօրվա փոփոխությունները ԱՆԻՖ-ը գործել է Էկոնոմիկայի նախարարության վերահսկողության ներքո, հետևաբար՝ ուղիղ առնչություն ունի նաև «Ֆլայ Արնա»-ի հետ։

«Հետք»-ը գրել է, որ «Ֆլայ Արնա»-ն դադարեցրել է թռիչքները։  2021-ի դեկտեմբերին հիմնադրված ավիաընկերությունը, որի օդանավն առաջին անգամ երկինք է բարձրացել 2022-ի հուլիսին, 1,5 տարի անց ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել:

«Ֆլայ Արնա»-ի պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրված այն մասին, որ «Ֆլայ Արնա» ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ