News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հռոմի ստատուտի մասնակից պետությունները պետք է կատարեն Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները, հակառակ դեպքում այն ​​կկորցնի իր իմաստը։ Այս մասին ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը հայտարարել է The Sunday Times-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Գազայի հատվածում գործողությունների պատճառով Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր պահանջելու հետևանքով ՄՔԴ-ի գործողությունների հանդեպ ԱՄՆ-ի և ԵՄ անդամ այլ երկրների դժգոհության մասին հաղորդումները։  

«Մեր գործը որևէ մեկի հետ ընկերանալը չէ,- ասել է նա։- Մենք պարտավոր ենք մեր գործն անել։ Կարևոր չէ՝ մեզ դրա համար կծափահարեն, թե կդատապարտեն։ Մենք պետք է ընդգծենք բոլոր երեխաների, կանանց և քաղաքացիական անձանց հավասար նշանակությունը ավելի ու ավելի բևեռացվող աշխարհում: Եթե ​​մենք դա չանենք, ապա ո՞րն է մեր գոյության իմաստը»:

Մայիսի 20-ին Խանը դիմել էր Նախաքննական պալատին՝ Նաթանյահուի և Գալանտի նկատմամբ ձերբակալման օրդեր տալու պահանջով։ Նրա պնդմամբ, դատախազությունը հավաքել է ապացույցներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ նրանք «պատասխանատու են պաղեստինյան տարածքում (Գազայի հատվածում) առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից կատարված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Միաժամանակ Խանը պահանջել է ձերբակալության օրդեր տալ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդների համար։

Միացյալ Նահանգները և Իսրայելը, որոնք Հռոմի ստատուտի մասնակից պետություններ չեն, մերժել են իսրայելական առաջնորդների նկատմամբ  ՄՔԴ դատախազի միջնորդությունը՝ այն «վրդովվեցուցիչ և խայտառակ» անվանելով։ Bloomberg-ը հայտնել էր, որ ԵՄ երկրները, որոնք վավերացրել են պայմանագիրը, տարակարծություններ են ունեցել Նաթանյահուի և Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդեր տալու Խանի պահանջի շուրջ: Միաժամանակ, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բացահայտ հայտարարել էր, որ Հռոմի ստատուտի մասնակից պետությունները պարտավոր են կատարել ՄՔԴ-ի որոշումները։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ