Հայ ձեռներեցները հնարավորություն ունեն դառնալու ԵՄ շուկայի մաս, որն ընդգրկում է 450 միլիոն մարդ, և արժե ջանք դնել ու անցնել ճանապարհը։ Այս մասին հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Լատվիայի Սեյմայի (խորհրդարանի) նախագահ Դաիգա Միերինան։ 

Նրա խոսքով, սա վճռորոշ պահ է Հայաստանի համար եվրաինտեգրման վերաբերյալ պատմական որոշում կայացնելու առումով, քանի որ Եվրոպան բազմաթիվ հնարավորություններ է տալիս։ «Տարիներ անց դուք կգնահատեք ձեր կայացրած որոշման արդյունքները»,- վստահեցրեց նա՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանը ցանկանում է գնալ նույն ճանապարհով, ինչ ժողովրդավարական և բարգավաճող երկրները։ «Սակայն սա կարևոր է ոչ միայն ձեզ, այլ նաև մյուսների համար»,- ընդգծեց նա՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել Հայաստանին։