News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2011 թվականն ուշագրավ էր նրանով, որ Հայաստանը շարունակեց իր բազմավեկտոր նախաձեռնողական արդյունավետ քաղաքականությունը` խորացնելով հարաբերությունները բոլոր գործընկերների հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ փոխխոսնակ,  կառավարող Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Առաջին հերթին կնշեի նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստան, ինչը վկայում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարեւորության մասին: Կարեւոր էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան: Մյուս կողմից մենք խորացրեցինք հարաբերություններն ամերիկացի գործընկերների հետ. այդ իմաստով հարաբերությունները խորացան ԵՄ-ի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ»,-ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նաեւ ընդգծեց ՀՀԿ-ի անդամակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսկացությանը. «Պատահական չէր, որ ԵԺԿ նախագահ Մարտենսն իր ելույթում դիմելով նախագահ Սարգսյանին, նշեց, որ Հայաստանը խաղաղ ժողովրդավարություն է կառուցում: Մենք բոլորս գիտենք, որ նման հայտարարությունները գեղեցիկ աչքերի համար չեն արվում: Փաստորեն, Եվրոպայում ամենաազդեցիկ քաղաքական ուժի ղեկավարը ողջունում է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները»:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Շարմազանովը նշեց, որ միջազգային հանրությունը  դարձել է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման վկան. «Սակայն Հայաստանն ի դեմս նախագահի, ցույց տվեց, որ մենք ամուր ենք մեր դիրքորոշման մեջ: Մեզ համար կարեւորագույն խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգվիճակն է: Անկախությանն այլընտրանք չկա, եւ Հայաստանն անելու է ամեն ինչ` ԼՂՀ-ի միջազգային ճանչման համար»,-ընդգծեց փոխխոսնակը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, նա նշեց, որ եթե Թուրքիան ցանկանում է  «հարեւանների հետ զրո խնդիր» ունենալ, չպետք է զրոյի հավասարեցնի հարաբերությունների բարելավման իր շանսերը, այլ իրական քայլեր ձեռնարկի. «Առաջինը` Թուրքիան պետք է բացի Եվրոպայի միակ փակ սահմանը: Երկրորդ` գիտակցի, որ առանց անցյալի հանցագործությունները դատապարտելու հնարավոր չէ առաջ գնալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ