News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Լոռիի մարզում, հույների կողմից դեռեւս 1818-21 թվականներին հիմնած Յաղդան համայնքում այսօր մի քանի հույն է մնացել: Գյուղը ստեղծման օրվանից եղել է հունաբնակ, որի բնակչության 99 տոկոսը հույներ են եղել:  NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Յաղդանի գյուղապետ, ազգությամբ հույն Վալենտինա Կերխանաջեւան պատմեց, որ  ըստ իրենց հասած տեղեկությունների,  հույները Յաղդան են եկել Ախթալայի հանքերի բացման ժամանակ. «Իրենք որպես մասնագետ եկան, այդ հանքերը ուսումնասիրելու եւ աշխատեցնելու»: Ըստ գյուղապետի, այսպես են  հիմնավորվել նաեւ Ախթալա եւ Շամլուղ  համայնքները: Հետագայում արդեն գյուղում սկսել են հանքում աշխատողներից բացի բնակություն հաստատել նաեւ այլ ընտանիքներ:

«Հեղափոխությունից հետո Կողեսի եւ Յաղդանի հույներն արտագաղթեցին Հունաստան, հետո Կողեսը դարձավ գրեթե հայկական, որտեղ հիմա մոտ 2-3 հույն ընտանիք կա, ու հավանաբար, մոտ 10 տարի հետո նույն վիճակում կհայտնվի նաեւ Յաղդան համայնքը»,-ասաց նա:

Հուների մեծ մասը գյուղից հեռացել են Խորհրդային միության փլուզումից հետո, իսկ արտագաղթին նպաստեց նաեւ 1988-ի ավերիչ երկրաշարժը:

Նախկինում, ըստ գյուղապետի, գյուղն ունեցել է 264 տնտեսություն` 930 բնակչով, որոնց մեջ միայն 4 ընտանիքներ են հայկական եղել, տղաները տարիների ընթացքում ամուսնացել ու ընտանիք են կազմել հույն աղջիկների հետ:

Ներկայումս Յաղդան համայնքում ավելի շատ հայ ընտանիքներ են բնակվում, քան` հունական, ու, գյուղապետի կարծիքով, տարիներ անց արդեն հասկանալի պատճառներով գյուղում հույներ չեն լինի: Յաղդանում այս պահին մնացել է 7-8 հունական ընտանիք: Գյուղապետն ասում է, որ «մաքուր» հույն գյուղում մոտ 20-25 մարդ հազիվ մնացած լինի, մնացածը տարիների ընթացքում ամուսնացել են հայերի հետ:

Ազգությամբ հույն գյուղապետն ասում է, որ ինքն ամեն ինչ անում է, որպեսզի գյուղում չառաջանան ազգամիջյան բախումներ ու որ որեւէ մեկը երբեւէ չասի, թե հույն գյուղապետը հայերին աչքաթող է արել:

Ըստ նրա  գյուղում ապրող հայ երիտասարդներն ամեն պահի կանգնած  են հույն ծեր տատիկ-պապիկների կողքին, որոնք չեն էլ ցանկանում լքել իրենց պապերի հիմնած Յաղդան համայնքն ու գնան Հունաստան: «Էստեղ ծնվել եմ, էստեղ էլ կմահանամ, իմ տունն էստեղ ա…..Սա է իմ հողն ու ջուրը»,--ահա այսպես են պատասխանում Յաղդանի հույները, երբ խոսք է գնում Հունաստանում ապրելու հեռանկարի մասին:

 

Պատրաստեց Էդվարդ Արզումանյանը

Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ