News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Իջեւան համայնքի ավագանիի նիստերը այս տարի հաճախակի բոյկոտվում են ավագանիի անդամների նիստերին չներկայանալու պատճառով, ինչից միայն տուժում է Իջեւան համայնքը: Ավագանիի կողմից մինչ օրս չի հաստատվել 2012թ-ի բյուջեն, ինչի պատճառով էլ Իջեւանում հունվարից մինչ օրս որեւէ աշխատանք չի արվել ու չի արվի այնքան ժամանակ, քանի դեռ չկա հասատված բյուջե:

NEWS.am-ի Տավուշի մարզի թղթակցի հետ զրույցում Իջեւանի փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանը դժվարացավ ասել, թե որն է նիստերը բոկոտելու հիմնական պատճառը, միայն նշեց, որ պատճառաբանություններն անհիմն են. «Մենք ժամանակին ծանուցում ենք, իրենց պարտականությունն է, որ մասնակցեն նիստերին, սակայն ինչ-ինչ պատճառներով իրենց պատականությունները չեն կատարում»: Փոխքաղաքապետի փոխանցմամբ, ավագանիի անդամները 14-ն են, որոնցից մեկը նախնական կալանքի տակ է, իսկ 6-ը համարվում են մշտական չներկայացողեր:

Իջեւանցիների փոխանցմամբ` նմանօրինակ վիճակ սկսեց տիրել քաղաքապետի ընտրություններից հետո, իրենք` ավագանիների մի մասը եւս հաստատում են, որ ավագանիի անդամները երկու թիմի են բաժանվել` հին ու նոր քաղաքապետերի կողմնակիցներ. «Ես չեմ պատկերացնում, թե Իջեւանի նախկին քաղաքապետը կարող է ինչ որ թիմ ունենա, եթե նա նույնիսկ չկարողացավ 3400 ձայն հավաքել, ինչ թիմի մասին է խոսքը»:

NEWS.am-ի թղթակցի այն դիտարկմանը, որ մինչ օրս հաստատված չէ համայնքի բյուջեն ու քաղաքում որեւէ բան չի արվում, փոխքաղաքապետն ասաց. «Նախկին քաղաքապետը բյուջեն չէր արել, մենք հունվարին նստած նոր բյուջե կազմեցինք, դրա համար ձգձգվեց նիստերը, դրանից հետո սկսեցին բոյկոտել, նիստերին չմասնակցել»: Սուրեն Մանուկյանի փոխանցմամբ` առայժմ նիստեր են արվում իրենց բացակայությամբ, ու երբ կլրանա ավագանիի անդամների մեկ տարին, իրենց բացակայությունների համար կդրվի  հեռացման հարց: Նա եւս հաստատեց, որ որեւէ բան հունվարի 1-ից մինչ օրս քաղաքում չի արվել, իսկ իջեւանցիների պատմելով քաղաքը անտերության է մատնված. «Բնականաբար, եթե ավագանիի նիստ չի լինում, ծրագրերն էլ են կապված ավագանիի հետ, այդ պատճառով էլ համայնքում ծրագրեր չեն արվում»: Սուրեն Մանուկյանն ասաց, որ Իջեւան համայնքի ավագանիի անդամներն առեւտրով են զբաղված: «Ամեն նիստին չգալով ոնց-որ թե մի բան ստանում են դրա դիմաց նախկին քաղաքապետից»,-ասաց Իջեւանի փոխքաղաքապետը` թվարկելով անպարտաճանաչ ավագանիի անդամների անունները, որոնց մեջ նախկին քաղաքապետի բժիշկ եղբայրն է, ուսումնական հաստատությունների տնօրեններ ու քաղաքապետարանի աշխատակիցներ: Ըստ փոխքաղաքապետի, համայնքում ներկա դրությամբ մի շարք մեծամասշտաբ ծրագրեր կան, որոնք ավագանիի «լավ» աշխատելու համար չեն իրականացվում, ու հավանաբար չեն էլ իրականացվի: Ինչն էլ հանգեցնում է գործող քաղաքապետի վարկանիշի անկմանը, իսկ ավագանիների հետ հարցը չեն քննարկել, քանի որ փոխքաղաքապետի խոսքով նրանք լուրջ մարդիկ չեն, որ իրենց հետ էլ որեւէ բան քննարկեն:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ