News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում կա «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենք, բայց չկա հեղինակային իրավունքների արդյունավետ պաշտպանություն: Յուրաքանչյուր հեղինակ ինքը պետք է ձեռնամուխ լինի սեփական իրավունքների պաշտպանությանը: Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հեղինակային իրավունքների պաշտպանության համար իրավական մեխանիզմների առումով բավականին լայն հնարավորություններ են ընձեռնված, սակայն այլ հարց է, թե որքանով են իրավատերերը դիմում պաշտպանության:

«Շատ հաճախ այն անձինք, ում իրավունքները խախտվել են, չեն դիմում դատարան` երբեմն անգամ այն պատճառով, որ դա դառնում է ժամանակավրեպ եւ շարունակվող բնույթ չի կրում»,- նշեց իրավաբանը` հավելելով, որ հեղինակային իրավունքների պաշտպանության համար հայկական դատական պրակտիկան այնքան էլ հարուստ չէ:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով` շատ հաճախ հերթը անգամ դատարան դիմելուն չի հասնում, մարդիկ փորձում են խնդիրը լուծել այլ ուղիներով, օրինակ լրագրության բնագավառում, պաշտպանությունը կարող է սահմանափակվել պարզապես մեկը մյուսին մասնագիտական էթիկայի կանոնները պահպանելու կոչով կամ իրար զանգելով եւ պահանջելով նյութը հանել:

Հեղինակային իրավունքի խախտման բազմաթիվ դեպքերի կարելի է հանդիպել նաեւ մեդիա դաշտում: Մեր ոլորտում, իրավաբանի խոսքով, հատկապես տարածված են գրագողության, ինչպես նաև այսպես ասած «նյութերի փոխառման» դեպքերը: «Մասնավորապես, հաճախ տեսնում ենք, որ ինտերնետ միջավայրում միեւնույն բովանդակությամբ նյութը առկա է տարբեր կայքերում` նույն կամ գրեթե նույն բովանդակությամբ: Ինչ խոսք, այստեղ կարող ենք խոսել հեղինակային իրավունքի խախտման մասին եւ տվյալ կայքը` որպես իրավատեր կամ նյութի հեղինակը իրավունք ունեն իրականացնել լայնածավալ պաշտպանություն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Այսպես, եթե մի լրատվամիջոցում նյութ է հրապարակվել, իսկ մյուսը ցանկանում է այն օգտագործել, ապա դա թույլատրվում է միայն հղում, (այդ թվում` ակտիվ հղում) կատարելու դեպքում` այն դեպքում, երբ դա ընդամենը մեկ այլ նյութի բաղկացուցիչ մասն է կազմում: Իսկ եթե հղում է արվում, այդ դեպքում չպետք է նյութը վերցնել եւ ձեւափոխված, ինչ-ինչ փոփոխություններով տեղադրել, որովհետեւ այստեղ մենք գործ ունենք ստեղծագործության անձեռմխելիության հետ: Սա հատկապես նկատելի է մամուլի տեսություններում, երբ տարբեր կայքերում նույն թերթից նույն նյութը ինչ-ինչ վերաձեւակերպումներով ես հանդիպում:

Իրավաբանի դիտարկմամբ` անթույլատրելի է եւ հեղինակային իրավունքի խախտում է համարվում, երբ նյութն ամբողջությամբ վերցնում եւ օգտագործում են առանց հղման, կամ էլ առանց լրատվամիջոցի թույլտվության տվյալ լրատվամիջոցին հղում անելով տեղադրում են նյութն իրենց լրատվամիջոցում: «Գուցե տվյալ ստեղծագործության, նյութի հեղինակը կամ իրավատերը, այս դեպքում` լրատվամիջոցը, չի ցանկանում, որ իր նյութը հայտնվի կոնկրետ այդ լրատվամիջոցում, դա կարող է լինել ամենատարբեր պատճառներով` սկսած զուտ մրցակցությունից մինչեւ լրատվամիջոցի բարի համբավի պաշտպանություն: Խնդիրն այն է, որ եթե ամբողջական նյութին էլ հղում է կատարվում, ապա դա պետք է կատարվի այլ կայքի այլ նյութի մեջ նպատակն արդարացնող ծավալով: Այսինքն հղումով նյութը պետք է լինի այլ լրատվամիջոցի ինքնուրույն նյութի բաղկացուցիչ մասը»,- ասաց իրավաբանը:

Օրենքը հեղինակային իրավունքի օբյեկտների թվին չի դասում օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների եւ փաստերի մասին տեղեկատվությունը, մամուլի հաղորդագրությունները եւ այլն: Արփինե Հովհաննիսյանի խոսքով` սա նշանակում է, որ ի սկզբանե, եթե խոսքը ընդամենը վերաբերում է փաստ արձանագրող լուրին, առանց հեղինակային տարրի, այսինքն` ստեղծագործական տարրի,այն չի կարող համարվել հեղինակային իրավունքով պահպանվող օբյեկտ:

Այլ է հարց, երբ այդ լուրը զուգորդվել է վերլուծությամբ, հեղինակի խոսքով, հետեւություններով:

Այսինքն` օրվա ընթացքում մի քիչ վաղ, կամ մի քիչ ուշ բոլոր կայքերում հայտնվող լուրերի նկատմամբ, որոնք զուտ փաստ են արձանագրել (այցելել է այսինչ վայր, պաշտոնից հրաժարվել է, ինքնասպան է եղել եւ այլն), հեղինակային իրավունք չի առաջանում, որովհետեւ դրանք չենք ստեղծվել ստեղծագործական մոտեցմամբ:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով` որեւէ մեկը չի կարող պահանջել, որ ոչ մի լրատվամիջոց այդ մասին չգրի, որովհետեւ ինքն է միայն գրել կամ գրի իրեն հղում անելով, եթե իհարկե այդ մասին մյուս գրողները copy paste չեն արել, այլ ջանքեր են գործադրել, ստեղծագործական աշխատանք են տարել եւ գրել են նույն թեմայի մասին, բայց ուրիշ ձեւով, այլ մոտեցմամբ: Հակառակ դեպքում` օրվա ընթացքում հայտնվող լուրերը կդառնան առանձին կայքերի մենաշնորհները, ինչի արդյունքում կարող ենք խոսել ընդհուպ մինչև հասարակության տեղեկացված լինելու իրավունքը սահմանափակման մասին:

Այսպես, եթե նյութի գողը գող է` կախված հանգամանքներից, ապա թեմայի գողը գող չէ` նույնպես կախված հանգամանքներից: «Տարբեր լրատվամիջոցներ կարող են գրել նույն թեմայի մասին, այստեղ հեղինակային իրավունքի խախտման խնդիր չկա, եթե, իհարկե, նրանց գրածները նյութերը նման կամ գրեթե նույնը չեն, copy paste չեն արել, այլ գրել են լրիվ նոր, ստեղծագործական մոտեցմամբ: Եթե ինչ-որ մեկը ասում է, որ դա գրագողություն է, ապա հենց ինքն էլ պիտի ապացուցի դա, քանի որ Հայաստանում գործում է հեղինակության կանխավարկածը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ