News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լանջազատ գյուղի միջնակարգ դպրոցի 33-ամյա տնօրեն Գրիգոր Հակոբյանի անհետացման պատմությունը շուրջ 25 տարի է, ինչ չի հաջողվում բացահայտել: Նա Բերդիկ գյուղի բնակիչ էր, բայց աշխատում էր Լանջազատ գյուղում: Սակայն 1987թ. օգոստոսի 22-ին, ժամը 12.30-ին, աշխատանքից տուն գալու ճանապարհին անհետացել է:

Բերդիկ գյուղի գյուղապետ Ալբերդ Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ պատմությունից, թեեւ մոտ 25 տարի է անցել, բայց դպրոցի տնօրենի անհետացումը մնում է համագյուղացիների ուշադրության կիզակետում:  Բերդիկ գյուղում շատերը նույնիսկ հույս չունեն, որ նա կենդանի է, սակայն նրա հայրը, ով արդեն 90 տարեկան է, դեռ որդուն տեսնելու հույսով է ապրում: Հակոբ Հակոբյանը նույնիսկ օրերս նամակ է տարածել որդու անհետացման մասին:

Նրա խոսքով, հարուցված քրեական գործի ընթացքում բազմիցս քննված վկաները փաստել են, որ տուն վերադառնալու ճանապարհին դպրոցի տնօրենին իր անձնական մեքենայով մոտեցել է նրա` ուսումնական գծով տեղակալ Թերեզա Հարությունյանի ամուսինը` Հրանտ Ասատրյանը,  բացելով մեքենայի առջեւի դուռը, հրավիրել է Հակոբյանին` նստել:

Գրիգորը նստել է մեքենան: Այնուհետեւ, մյուս վկաները փաստել են, որ ժամը 12.00-13.00-ի սահմաններում Լանջազատ-Բարձրաշեն ճանապարհին ականատես են եղել 6 երիտասարդների վեճի, որոնցից առերեսման ժամանակ ճանաչել են նույն Հրանտ Ասատրյանին եւ նրա ավագ եղբորը` Ռաֆիկ Ասատրյանին: Ականատեսների, վիճաբանությունից հետո նրանցից մեկին խցկել են մեքենաներից մեկի մեջ եւ հեռացել: Գործով անցնող վկաները հորը պատմել են, որ տուժածի արտաքին նկարագրությանը համապատասխանում էր դպրոցի տնօրենի արտաքինին: Դպրոցի տնօրենի  90-ամյա հայրը ներկայումս Բերդիկում ապրում է միայնակ, իսկ նրա մյուս միակ որդին երկար տարիներ է` ինչ Ռուսաստանի Դաշնությունում է:

25 տարի է, ինչ հայրը վատ կասկածները սրտում ապրում է, բայց նույնիսկ այսքան տարի անց նա հույս ունի կենդանության օրոք որդուն կենդանի տեսնել: Նրան մտահոգում է ոչ միայն որդու անհետացումը, այլեւ չբացահայտված գործը: Թեեւ, այս պատմությունից այսքան երկար տարիներ է անցել, բայց շատերի հուշերում այն դաջվել է: Բերդիկի բնակիչների մի մասը խուսափում են խոսել այդ թեմայով, մյուս մասն էլ դպրոցի տնօրենի անհետացումը պայմանավորում են խանդի հողի վրա առաջացած միջադեպով կամ աշխատավայրում ունեցած խնդիրներով:

NEWS.am-ը զրուցեց նաեւ  Լանջազատ գյուղի գյուղապետ Հրայր Հակոբջանյանի հետ, ով ասաց, որ երբ դպրոցի տնօրենը կորել է, իրենք դեռ 2-րդ դասարան են եղել, հետեւաբար աղոտ են հիշում պատմությունը: Այն հարցին, թե Թերեզա Հարությունյանը շարունակում է  աշխատել այդ դպրոցում պատասխանեց.«Այո, նա մեր գյուղի բնակիչ է եւ շարունակում է աշխատել մեր  գյուղի դպրոցում»: Ավելին` ասել չհամաձայնեց պատճառաբանելով, որ ինքը հետաքրքրասեր տղա չէ եւ իրեն չի հետաքրքրել մանրամասները: Բայց այս մութ պատմություն մանրամասները հետաքրքրում է շատերին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ