News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«One» ակումբում հարբած հաճախորդուհիներից մեկը կորցնելով ինքնատիրապետումը, սկսել է հայհոյել, ինչը դուր չի եկել մյուս հաճախորդներին եւ նրանք պահանջել են նրան դուրս հրավիրել ակումբից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «One» ակումբի մենեջեր Կարեն Սարգսյանը, անդրադառնալով իրենց ակումբում տեղի ունեցած միջադեպին:

Նրա խոսքով, աղջիկը սարսափելի հարբած է եղել: «Այլանդակ քֆուրներով մարդկանց վիրավորում էր: Մեր մենեջերը, որը եւս աղջիկ է, նրան խնդրելով ասել է, որ եթե Դուք ձեզ լավ չեք զգում, կարող ենք մինչեւ տաքսի ճանապարհենք գնաք տուն: Դրանից հետո նա մուտքի մոտ կռիվ սարքեց իր ծանոթ աղջիկների հետ ու նորից քֆուրների տարափ սկսվեց: Մեզ մոտ էլ ընտանիքներով մարդիկ են գալիս ուրախանում իրենց ընեկերուհիների, կանանց հետ: Հաճախորդներից մի տղայի, ով քրոջ, թե կնոջ հետ էր եկել, դուր չեկան նրա արտահայտությունները, եւ նա բարձր պահանջեց դուրս հանել այդ հաճախորդուհուն»,- պատմեց մենեջերը:

Նրա ներկայացմամբ, անվտանգության աշխատակիցները նրան խնդրել են, որ նա դուրս գա ակումբից, սակայն նա շարունակել է աղմկել: «Ճիշտն ասած ես այդ պահին մուտքի մոտ չեմ եղել: Այդ ամենը ինձ պատմել են, ես էլ տեսախցիկներով նայել եմ ու նրա նկատմամբ ոչ մի բռնություն մեր աշխատակիցների կողմից չի կիրառվել, ինչպես ինքն է ներկայացրել»,- պատմեց մենեջերը:

Հարցին, թե տեսաձայնագրությունը կա՞, նա դրական պատասխան չտվեց. «Հիմա կամերան ֆռռում է, հնարավոր է պահպանված չլինի: Բայց կարող եմ հավատացնել, որ նա ահավոր հարբած էր, մի քանի անգամ էլ ընկել է զալի մեջտեղը եւ ես եմ օգնել նրան բարձրանալ: Ընկերուհիներն էլ ուզում էին նրան տանել, դրա համար էլ, երեւի, նա ջղայնացել է»: Մենեջերը նշեց, որ աղջիկը զանգահարել է իրեն եւ սպառնացել, որ կդիմի ոստիկանություն: «Հենց այդ գիշերը զանգել էր եւ ասում, որ ոստիկանությունից մարդ է ուզում բերել եւ շարունակում էր քֆուրներով խոսել : Ես էլ ասացի խնդիր չունես»:

«One» ակումբի մենեջեր Կարեն Սարգսյանն ասաց, որ իրենք չեն դիմի ոստիկանություն: «Ինքը, որ իրան լավ չի պահել ես իրեն «սեւ ցուցակ» եմ գցել, որովհետեւ իմ մոտ ընտանիքներ են գալիս հանգստանում եւ չեմ ուզում, որ մեզ մոտ նման խնդիր առաջանա»,-ասաց նա:

NEWS.am-ը դիմեց նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն, որտեղից փոխանցեցին, որ ոստիկանության Կենտրոնականի բաժին սույն միջադեպի կապակցությամբ հաղորդում չի ստացվել, սակայն կճշտեն, թե արդյոք ոստիկանության այլ բաժիններ նման հաղորդում ստացվել է:

Ավելի վաղ Aravot.am-ը հայտնել էր, որ մարտի 16-ին ընկերուհիների հետ «One» ակումբ այցելած Սոսե Պ.-ն զանգահարել է իրենց եւ ներկայացրել տհաճ միջադեպի մանրամասները: Ըստ նրա, այդ օրն ինքը ընկերուհիների հետ պարելու էր գնացել եւ ակումբից դուրս գալիս՝ անվտանգության աշխատակիցները սկսել են քաշել մազերը, ու խփելով, քաշքշելով դուրս հանել ակումբից. «Ես հիշում եմ՝ նայում էի երկնքին ու գոռում էի՝ մազերս թողեք, ընկերուհիներս մի կողմից էին գոռում, ու մի չորս տղայով ինձ դուրս են հանում ու զգում եմ եղունգս է պոկվել, շրթունքիցս էլ արյուն էր գալիս: Աջ թեւիս տակն ամբողջությամբ կապտացրել են, ձախ թեւս՝ էլի կապտած»:

Ս. Պ.-ի խոսքով, ինքն այդ օրը ալկոհոլ էր օգտագործել, ու անվտանգության աշխատակիցները նրա՝ ակումբ մտնելու առաջին վայրկյանից իրենց ուշադրության տակ են պահել :

Ս. Պ.-ն արդեն դիմել է ոստիկանություն ու ակումբի մենեջերին: Վերջինս էլ, աղջկա պատմելով՝ իրեն խոստացել է հրավիրել ակումբ ու բացահայտել, թե որ անվտանգության աշխատակիցն է բռնություն կիրառել, բայց այդպես էլ չի կազմակերպել այդ հանդիպումը ու հաջորդ օրը հեռախոսազանգի ընթացքում սկսել է ծաղրել աղջկան:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ