News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի փողոցներում, ինչպես նաեւ բնակելի շենքերի մուտքերում եւ բակերում իրականացվող ապօրինի առեւտրի կանխարգելման աշխատանքները շարունակվում են: Այս մասին նշվել է այսօր` մարտի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ հետեւողական աշխատանք տանել շինարարական կազմակերպությունների կողմից կարգապահական նորմերի եւ շինարարական մշակույթի պահպանման, ինչպես նաեւ շինհրապարակներում համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ:

Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը զուգահեռ հասարակական տրանսպորտի մոնիտորինգի արդյունքների ամփոփման նպատակով հրավիրված խորհրդակցության ժամանակ սպասարկման ոչ բավարար որակի համար 12 տնտեսվարող սուբյեկտների գրավոր զգուշացում է տրվել:

Անդրադառնալով «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի կողմից տրասպորտային հոսքերի վերահսկման նպատակով մայրաքաղաքում տեղադրված տեսախցիկների շահագործմանը`քաղաքապետը հանձնարարել է վերանայել համակարգը, վերացնել առկա թերությունները, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում ավելացնել տեսախցիկների թիվը:

Զեկուցվել է, որ առաջիկայում կմեկնարկեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որից հետո համապատասխան վայրերում կկատարվի ճանապարհների գծանշում:

Զեկուցվել է նաեւ, որ վերականգնված է Գրիգոր-Լուսավորիչ փողոցի եւ Մաշտոց պողոտայի հատման մասում գտնվող ստորգետնյա հետիոտն անցման լուսավորման համակարգը:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի պուրակներում, զբոսայգիներում եւ բակային տարածքներում ընթացքի մեջ են կանաչապատման նախապատրաստական աշխատանքները: Զուգահեռաբար կատարվում են նաեւ ծառերի սանիտարական էտման եւ գեղարվեստական ձեւավորման աշխատանքներ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ նախապատրաստական աշխատանքներ տանել շատրվանների եւ ջրային ավազանների գործարկումը վերահսկելու նպատակով: Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է գույքագրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում գտնվող եւ վերջին տարիներին չգործող ու շատրվանների ցուցակ եւ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց վերանորոգման ուղղությամբ:

Մարտի 27-ին նշվող թատրոնի միջազգային օրվա հետ կապված քաղաքապետը հանձնարարել է հստակեցնել միջոցառումների ցանկը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ