Ազգային ժողովի Կանաչ սրահում, այսօր` մրտի 20-ին, բացվել է գոբելենագործ-գեղանկարչուհի Մարինա Մամյանի աշխատանքների ցուցահանդեսը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մարինա Մամյանը, որը ստեղծագործում է դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում, Հայաստանի նկարիչների միության, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի եւ Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության անդամ է: Նա Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում ունեցել է անհատական ցուցահանդեսներ, մասնակցել տարբեր ցուցադրությունների:
Խորհրդարանի Կանաչ սրահում ցուցադրվել էին գոբելենագործ-նկարչուհու վերջին վեց տարիների ստեղծագործությունները, որոնց գլխավոր արժանիքը, ինչպես նկատեց արվեստաբան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, ներքին լույսն է ու աշխարհընկալման փիլիսոփայությունը:
Ըստ արվեստաբանի` Մարինա Մամյանի արվեստը պոեզիայի եւ կերպարվեստի մի յուրահատուկ համադրություն է, որոնցում նա արտահայտում է ինչպես տիեզերական օբյեկտների, այնպես էլ բնության երեւույթների իր յուրօրինակ ընկալումը, ապշեցնում գույնի, գծերի եւ երանգների ճշգրտությամբ: Եվ այդ ամենը` պարզ թելերի միջոցով:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ պատգամավորներ:
Նկարչուհին իր շնորհակալական խոսքն է ուղղել ՀՀ Ազգային ժողովին եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` օրենսդիր բարձրագույն մարմնում իր աշխատանքների ցուցադրության համար, եւ հույս հայտնեց, որ սրտի եւ հոգու թելադրանքով ստեղծված նկարներում ամբարված դրական էներգիան ու լույսը կհաղորդեն լավ տրամադրություն եւ փոքր-ինչ կհեռացնեն առօրյա գործերից: